Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը Orion Summit 2022-ի առանցքային թեմաներից մեկն է

Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը Orion Summit 2022-ի առանցքային 
թեմաներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի առանցքում կլինեն ստարտափների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական թեմաները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի 5 գլխավոր թեմաներից մեկը, որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP-ի աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերն են: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։

Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ «մայր» ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ՝ հետագայում ընկերության ձեռքբերումների և կլանումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր։

Քննարկմանը բանախոսելու է Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցի` Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ամերիան առաջիններից մեկն է, որ Հայաստանում դեռևս 2016 թվականին ներդրել է ESOP ծրագիրը: Դավիթ Սարգսյանը կներկայացնի ընկերության հաջողված փորձը: 

Քննարկմանը կմասնակցեն cognaize-ի հիմնադիր Վահե Անդոնիանսը, Service Titan Armenia-ի ղեկավար Աշոտ Տոնոյանը, BDO -Հայաստանի ներկայացուցիչները։

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]