Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը ԱՄՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Արարատ Միրզոյանը ԱՄՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Հայաստանի և 
Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Կարևորելով պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ է հիշատակել այս տարվա մայիսին Հայաստանի պատվիրակության այցն ԱՄՆ և դրա շրջանակներում կայացած հանդիպումները, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում աշխատանքների վերսկսումը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող թեմաներ:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներում առկա զարգացումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս համատեքստում կարևորելով ԱՄՆ՝ որպես համանախագահող երկրի ջանքերը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]