Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կցուցադրվի շուրջ հարյուր ֆիլմ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կցուցադրվի շուրջ հարյուր ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնին, որը կանցկացվի հուլիսի 10-17-ը, կցուցադրվի շուրջ հարյուր ֆիլմ: Փառատոնը կհյուրընկալի ականավոր կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց՝ այսքան  հագեցած փառատոն վաղուց չէին ունեցել: «Լավ ֆիլմեր են ներկայացվելու, բարձրակարգ ռեժիսորների և պրոդյուսերների աշխատանքներ: Լուրջ և բովանդակալից ծրագիր է սպասվում»,-նշեց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ «Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից է: «Հույս ունեմ, որ համավարակից հետո կինոփառատոնը կկարողանա վերականգնել երբեմնի ծավալները, ինչի համար բոլոր նախադրյալները կան: Այս տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել Հայաստանի ներկայությունը միջազգային  հեղինակավոր հարթակներում՝ Վենետիկի բիենալեում, Կաննի կինոշուկայում և այլուր: Միջազգային նախագծերը, որոնք ձևավորվում են տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքում, ոսկուց էլ թանկ են և պետք է ամեն ինչ անել այդ հարթակները պահպանելու համար, որովհետև դրանք աշխարհի և առաջատար միջազգային հանրության հետ երկխոսության հարթակ են»,-շեշտեց Խզմալյանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ շեշտեց՝ առաջին տարին է, որ հովանավորում են «Ոսկե ծիրանը», որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում երևանյան մշակութային կյանքում: Նա վստահեցրեց, որ լավ արդյունքներ են գրանցելու և փորձելու են ակտիվացնել մշակութային կյանքը ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝  «Ոսկե ծիրանը» վաղուց չի պատկանում որևէ անձի կամ մարդկանց խմբի, և այլն եզակի մշակութային իրադարձություն է, որը պետք է անսակարկելի մշակութային արժեք ու ձեռքբերում մնա Հայաստանի համար: «19 տարի է՝ այդ հրամայականով շարժվում ենք առաջ և քսաներորդ հոբելյանական փառատոնին ընդառաջ բազում հարվածներից հետո իրականացնում ենք լիարժեք փառատոն ոչ միայն բովանդակային իմաստով, այլև ներկայացուցչական և միջազգային հյուրերի այցելության առումով»,-շեշտեց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից:

Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։

Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից  են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։ Թերի Ջորջից բացի,  լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված են Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի (IDFA) տնօրեն Օրվա Նիրաբիան, օպերատոր, Կաննի կինոփառատոնի օպերատորական մրցանակի դափնեկիր Վլադիսլավ Օպելյանցը, իսպանացի ռեժիսոր, Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Իսակի Լակուեստան, Կաննի կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը։

Կարեն Ավետիսյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ 2022-ի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մի շարք հայկական ֆիլմեր են ցուցադրվելու: «Հայկական ֆիլմերի ներկայությունը փառատոնին ընդգծված է, և մենք փորձում ենք հայկական կինոն մրցակցային դաշտ հանել»,-ասաց նա:

Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն մի շարք պատվավոր հյուրեր, մասնավորապես՝ իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։

Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն անդրադարձավ հատուկ ծրագրերին ու շեշտեց, որ հարուստ է «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որում ներկայացվելու է 16 ֆիլմ՝ հայտնի կինոփառատոններից:  Նա նշեց, որ փառատոնը հարգանքի տուրք կմատուցի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։

Կցուցադրվեն հեղինակների մի քանի ֆիլմեր ինչպես փառատոնի օրերին, այնպես էլ փառատոնից հետո:  Ֆիլմերը ցուցադրվելու են վերականգնված տարբերակներով: Իսկ Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվեն Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի աստղերը:

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։  Փառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այս անգամ՝ հուլիսի 17-ին։

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]