Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Orion Summit 2022-ը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները

Orion Summit 2022-ը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական 
թեմաները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի միջազգային և հայաստանյան հեղինակավոր բանախոսները կքննարկեն ստարտափ էկոհամակարգի ամենաարդիական թեմաները։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: 

Ապագա հայկական միաեղջյուրների հաջողությունները, «Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) մեկնարկը Հայկական ստարտափ էկոհամակարգում», «Թվային Ջուղա ցանցի մեկնարկը», ինչպես նաև «Արագ աճող հայկական շուկայի կառուցում»-ն այն թեմաներն են, որոնք կքննարկվեն Orion Summit 2022 գագաթնաժողովի ընթացքում:

Գագաթնաժողովի բանախոսներին է միացել նաև Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը: Լուսինե Եղիազարյանը ելույթ կունենա «Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) աճը՝ որպես էկոհամակարգի արագացման մեխանիզմ» պանելային քննարկման ընթացքում։ SADA-ն, որի գլխամասային գրասենյակը Լոս Անջելեսում է (ԱՄՆ, Կալիֆորնիա), և որը գրասենյակներ ունի Կանադայում, Հնդկաստանում, Հայաստանում, Google Cloud-ի տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 2022 թ.՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։ 

Մեկ այլ քննարկմամբ մասնակիցները կներկայացնեն ապագա հայկական unicorn (միաեղջյուր) ընկերությունների փաստացի առաջընթացը վերջին մեկ տարում։ Առանցքում է BAJ Accelerator-ի ծրագիրը, որի նպատակն է աջակցել 10 հայկական միաեղջյուրների զարգացմանն առաջիկա 5-6 տարիներին։ 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]