Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Ռումինիայի Բակաու քաղաքում բացվել է հայկական խաչքար-հուշարձան

Ռումինիայի Բակաու քաղաքում բացվել է հայկական խաչքար-հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հունիսի 10-ին Ռումինիայի Բակաու քաղաքում մասնակցել է հայկական խաչքար-հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ռումինիայում Հայաստանի դեսպանության կայքում կատարված հրապարակումից, հուշարձանը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում՝ 1848թ․ կառուցված, սակայն 1977թ․ երկրաշարժից ավերված հայկական եկեղեցու տեղում։ Խաչքարը Հրազդան համայնքի նվերն է քույր քաղաք հանդիսացող Բակաուին։

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունից առաջ տեղի է ունեցել դեսպան Մինասյանի ու Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուի հանդիպումը, որին, հեռավար ձևաչափով, միացել են նաև Հրազդան համայնքի ներկայացուցիչները՝ ի դեմս համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի, ով ընթերցել է նաև համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղերձը։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր բացումը՝ Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանի և Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուի մասնակցությամբ։ Այնուհետ տեղի է ունեցել խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։

Դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Հրազդանի համայնքապետարանին միջնադարյան պատմության քրիստոնեական հայկական խորհրդանիշի` գեղազարդ խաչքարի նվիրատվության, Բակաուի քաղաքապետին ու Ռումինահայոց միության Բակաուի մասնաճյուղի ղեկավար Վասիլե Հակոբին՝ միջոցառման կայացման, իսկ ներկաներին՝ արարողությանը մասնակցելու համար, մասնավորապես, նշել է.

«Յուրաքանչյուր մշակույթ ունի իրեն յուրահատուկ տարր, որը խորհրդանշում է տվյալ ազգի մշակույթը. հայկական մշակույթի համար այդպիսի խորհրդանիշ է հանդիսանում հայկական խաչքարը»։

Դեսպանը նաև ընդգծել է, որ թեև հայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարում, սակայն հայերի թիվը կտրուկ աճել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված հայատյաց քաղաքականության և հայոց ցեղասպանության հետևանքով։ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետնորդներն այսօր կազմում են Ռումինիայի հայ համայնքի հիմնական մասը, որը ջանք չի խնայում պահպանելու իր ազգային ինքնությանը։

Ելույթով հանդես է եկել Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուն, որը կարևորել է խաչքարի տեղադրումը և նշել, որ այն ոչ միայն կրոնական և մշակութային արժեք է ներկայացնում, այլև խորհրդանշում է Հրազդան և Բակաու համայնքների բարեկամությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն առավել կամրապնդվի շոշափելի արդյունքներով։

Ռումինահայ ռեժիսոր, դերասան Ֆլորին Գևորգյանն ընթերցել է Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի ուղերձը:

Խաչքարի բացման հանդիսության ավարտին ներկաները ծաղկեպսակներ են զետեղել հուշարձանի առջև:

Արարողությանը ներկա են եղել Բակաուի տեղական ինքնակառավարման մարմինների ու ռումինահայոց միության մասնաճյուղերի ղեկավարները, Ռումինահայոց թեմի և Ռումին ուղղափառ եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, ռումինահայ համայնքի բազմաթիվ անդամներ, հայտնի մտավորականներ ու արվեստի գործիչներ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]