Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրանները Ֆրանսիայի հրապարակից կհավաքվեն. «Դիմադրության» շարժումը հայտարարեց իր մարտավարության վերափոխման մասին

Վրանները Ֆրանսիայի հրապարակից կհավաքվեն. «Դիմադրության» շարժումը 
հայտարարեց իր մարտավարության վերափոխման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից մոտ մեկուկես ամիս առաջ ձևավորված «Դիմադրության» շարժման ղեկավարները որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքն ու մարտավարությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը առաջարկեց վաղվանից՝ հունիսի 15-ից հավաքել վրանները Ֆրանսիայի հրապարակից:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ «Դիմադրության» շարժումն այժմ կանգնած է մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ: Ըստ նրա՝ այս պահից սկսած իրենց պայքարի արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ:

«Շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակն ընդլայնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև ենք կանգնած: Հետևաբար, «Դիմադրության» շարժման ղեկավարները՝ մենք որոշել ենք վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրված այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք միասին: Ուստի անհրաժեշտ է՝ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել այս շարժման քաղաքական կազմակերպական քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար և շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային, կառուցվածքային միավորներ», - հայտարարեց շարժման համակարգողը:

Սաղաթելյանի խոսքով՝ վերոնշյալ կետերը ենթադրում են, որ շարժումը այսուհետ ունենալու է ենթակառուցվածքներ, այսինքն՝ կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր:

«Սրանով մենք լուծելու ենք քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը ընդլայնելու, նորանոր խմբեր, կարող անհատներ ընդգրկելով՝ շարժումը ավելի ընդլայնելու և նոր ուժ տալու հարցը», - մեկնաբանեց դաշնակցական գործիչը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններին՝ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը շեշտեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, որի համար նա շնորհակալություն հայտնեց այնտեղ հերթապահություն իրականացրած բոլոր հայրենակիցներին:

Առաջիկա մարտավարությունը հաշվի առնելով՝ «Դիմադրության» շարժումը առաջարկում է վաղվանից՝ հունիսի 15-ից, հավաքել վրանները Ֆրանսիայի հրապարակից, բայց «միշտ նկատի ունենալ», որ ցանկության և անհրաժեշտության դեպքում իրենք երկու ժամում ցանկացած հրապարակում, այդ թվում՝ Ֆրանսիայի հրապարակում կվերականգնեն վրանային ավանը:

«Մեր պայքարի ընթացքում մեր վրանային ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ: Ես գիտեմ, որ տարբեր խոսակցություններ են առաջանալու, բայց կրկնում եմ՝ մեր հետագա պայքարի արդյունավետությունը այս պահից սկսած վրաններով պայմանավորված չէ: Ովքեր այլ բան կասեն կամ կխոսեն, շատ արագ կհամոզվեն դրա հակառակի մեջ», - հավելեց «Դիմադրության» շարժման համակարգողը:

Սաղաթելյանը հաղորդեց, որ հունիսի 18-ին, ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համապետական հանրահավաք:

Հունիսի 14-ի հանրահավաքին ներկա էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանրահավաքին հաջորդեց մասնակիցների երթը:

Երկու օր առաջ՝ հունիսի 12-ին, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին կարևոր հայտարարություն է անելու «Դիմադրության» շարժման «ցանկալի արդյունքների» մասին: «Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]