Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արտեմ Փաթափությանն իր Նոբելյան մեդալը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին

Արտեմ Փաթափությանն իր Նոբելյան մեդալը նվիրեց Հայաստանի պատմության 
թանգարանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը, որը 2021-ին Նոբելյան մրցանակի է արժանացել ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար, հունիսի 14-ին իր պատվավոր մրցանակը՝ Նոբելյան մեդալը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մեծ պատիվ համարեց Արտեմ Փաթափությանին հյուրընկալելը:

«Սա մեծ իրադարձություն է և՛ մեր թանգարանի, և՛ մեր երկրի համար: Այս մրցանակը կարող է նման նախաձեռնությունների նոր հիմք դառնալ: Վստահաբար հատկապես մոր երիտասարդ այցելուները, տեսնելով նմանատիպ ցուցանմուշներ, կարող են ոգեշնչվել և որոշել գիտությամբ զբաղվել»,-նշեց Պողոսյանը:

Փաթափությանն էլ խոստովանեց՝ եթե 18 տարեկանում որևէ մեկն իրեն ասեր, որ մի օր ինքը Նոբելյան մրցանակի կարժանանա, և այդ մեդալը կհամալրի Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների շարքը, ինքը կծիծաղեր ու կկարծեր, որ զվարճանում են:

«Այս մրցանակն ու ճանաչումը ձեռք բերելն ինձ համար զարմանալի էր, սակայն այն հույսի ուղերձ է բոլոր երիտասարդներին, ուսանողներին, որ, եթե նման բան տեղի ունեցավ ինձ հետ, կարող է պատահել նաև նրանց հետ: Նրանք պետք է ուղղակի զբաղվեն սիրած գործով, շատ աշխատեն ու հաճույք ստանան իրենց արածից: Ինձ համար պատիվ է, որ իմ մեդալը տեղ է գտել այստեղ, և ես ուրախ եմ այս թանգարանի մի մասը լինել»,-ընդգծեց լիբանանահայ գիտնականը:

Նա կարծում է՝ գիտությունը դանդաղ գործընթաց է: Փաթափությանը 22 տարի պրոֆեսոր է եղել՝ աշխատելով Կալիֆոռնիայի ինստիտուտներից մեկում, և բազմիցս ասել է, որ գիտնականները չպետք է աշխատեն՝ մրցանակների արժանանալու կամ ճանաչում ձեռք բերելու համար: «Մենք զբաղվում ենք գիտությամբ, որովհետև այն մեզ իսկապես հետաքրքրում է, և մենք ցանկանում ենք օգուտ տալ մարդկությանը: Ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ, ինձ դուր է գալիս այն ինչ անում եմ: Ես ամեն օր ձգտում եմ բացահայտումներ անել, հասկանալ, թե ինչպես են կյանքն ու մեր մարմինն աշխատում, ինչ է պատահում, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում»,-ասաց Արտեմ Փաթափությանը:

Նա հույս ունի, որ  իր նվաճումը կարող է ոգեշնչել երիտասարդ գիտնականներին շատ աշխատել ու հաջողությունների հասնել, ինչը կօգնի երկրի տնտեսությանն ու այլ ոլորտներին:

Անդրադառնալով Հայաստանում գիտության զարգացումներին՝ Փաթափությանն ասաց՝ բազմաթիվ ինտելեկտուալ, հետաքրքրասեր ու զարգացած երեխաների է հանդիպել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, երեխաների, որոնք  ձգտում են նոր բաներ ստեղծել, առաջ գնալ: Ըստ գիտնականի՝ պետությունը պետք է  աջակցի նրանց, ենթակառուցվածքներ ստեղծի՝ նրանց օգնելու համար: 

Նա խոստովանեց, որ դեռ չի մտածել Հայաստանում հաստատվելու և հայրենիքում գիտական գործունեություն ծավալելու մասին, սակայն երջանիկ է, որ այստեղ է ու ցանկանում է ընդգրկվել Հայաստանում տեղի ունեցող գիտական գործընթացներում, եթե կարիք լինի:

«Կարծում եմ, որ պետք է գիտակցել՝ ԱՄՆ-ում գիտության վրա միլիոնավոր դոլարներ են ներդրվում: Հայաստանը դեռ չի կարող այդքան գումար ներդնել, սակայն դա չի նշանակում, որ հույս չկա ու չի կարելի գիտությամբ զբաղվել: Եթե նայենք համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, կնկատենք, որ Հայաստանում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք զարգանում են ու կարող են նպաստել երկրի գիտական առաջընթացին»,-եզրափակեց Արտեմ Փաթափությանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]