Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-20/22. Չարենց, Լոնդոն, Քերոլ, Ջոնսոն

«Նոր գիրք»-20/22.  Չարենց, Լոնդոն, Քերոլ, Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գիրք՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Եղիշե Չարենց,  «Երկիր Նաիրի»

«Երկիր Նաիրի»-ն նվիրված է Եղիշե Չարենցի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել է նրա պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը կարծես կորստի խորհրդանիշ է։

Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին:

Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։

«Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո՝ վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ:

Հետչարենցյան ընթացքում վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած վերջին տարբերակով, նախորդ հրատարակությունների քննությամբ և ամենից ստվարաթիվ ծանոթագրություններով։

Աշխատասիրությունը՝ Թագուհի Ղազարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը։

Թարգմանական գրականություն. Ջեք Լոնդոն, «Զսպաշապիկ»

Ջեք Լոնդոնի այս ստեղծագործությունը ֆանտաստիկ-փիլիսոփայական ժանրի հետաքրքիր վեպ է Դարել Սթենդինգ անունով բանտարկյալի մասին, որը սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված: Բանտապահները պարբերաբար խոշտանգում են նրան՝ օգտագործելով կտավե զսպաշապիկը՝ որպես մարմինը ճզմելու միջոց: Սակայն հերոսը մտքի ուժով սովորում է դիմակայել ցավին՝ մտնելով տրանսցենդենտալ վիճակի մեջ և «ճանապարհորդելով» աստղերի ու ժամանակի միջով:

«Զսպաշապիկ» վեպը նախ տպագրվել է «American Sunday Monthly Magazine» հանդեսում 1914-1915 թթ.: Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին Նյու Յորքում՝ վերնագրված «Միջաստղային թափառականը»: Հետագա հրատարակություններում վեպը կոչվել է «Զսպաշապիկ», իսկ ենթավերնագիրը՝ «Միջաստղային թափառականը»: Թարգմանությունը՝ Կարեն Սիմոնյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն Լուիս Քերոլ, «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում»

«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է(Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը, ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա:

«Հայելուց այն կողմ, և թե Ալիսն ի՞նչ տեսավ այնտեղ» պատմությունն առաջինի տրամաբանական շարունակությունն է՝ հեքիաթի երկրորդ մասը:

Անգլերենից թարգմանեց Նունե Թորոսյանը, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն . Ուիթնի Ջոնսոն, «Խելացի աճ»

Ուիթնի Ջոնսոնի՝ 2022 թվականի բլոկբաստեր «Խելացի աճ» գիրքն արդեն Wall Street Journal-ի բեսթսելեր է։ Գիրքը հաստատում է այն կարևոր գաղափարը, որ ընկերությունների և հասարակության կայուն զարգացման հիմքում անհատի աճն է: Այն տալիս է աճի ճանապարհային քարտեզ՝ S-աձև կորի տեսքով, որի գագաթը նվաճելու համար պետք է անցնել մի շարք բեկումնային փուլերով: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են ավելի հստակ պատկերացնել անձնական աճի գործընթացը: Եթե ուզում եք իմանալ ինչպես սկսել, ինչպես թափ հավաքել կամ հասկանալ՝ ինչու եք կորցնում հետաքրքրությունը շատ բաների նկատմամբ, որոնք ձեզ հոյակապ են հաջողվում անել, ապա այս գիրքը ձեզ համար է: Եթե ընկերության ղեկավար եք և առավելագույն արդյունքների հասնելու համար ձեր ընկերության մարդկային կապիտալի արդյունավետությունն առավելագույնս բարձրացնելու ուղեցույցի կարիք ունեք, ապա այս գիրքը նաև ձեզ է ուղղված: Ուիթնի Ջոնսոնի առաջարկած գործողությունների հաջորդականությունը հետևյալն է. զարգացե՛ք ինքներդ, զարգացրե՛ք ձեր մարդկանց, զարգացրե՛ք ձեր բիզնեսը: Ապահովելով աշխատակիցների անհատական աճին նպաստող միջավայր՝ խելացի աճի սկզբունքները կիրառող ղեկավարները նպաստում են ողջ ընկերության աճին: Գիրքը լույս է ընծայել «Կարապ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]