Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-բելառուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով․Բելառուսի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին

Հայ-բելառուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով․Բելառուսի 
ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Բելառուսի արտաքին գործերի նախարարը նշեց, որ մասնավորապես քաղաքական և առևտրատնտեսական կապերը դինամիկ կերպով զարգանում են։ Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աննախադեպ ցուցանիշներ է գրանցել։

Վլադիմիր Մակեյը նաև խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ընդգծելով, որ Բելառուսը կտրականապես դեմ է ռազմական ճանապարհով խնդրի լուծմանը և որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական և քաղաքական ճանապարհով։

- Պարոն Մակեյ, ի՞նչ հարցեր են քննարկվել և որոշումներ են կայացվել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

- Գիտեք, որ այս տարի լրացավ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30 տարին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20 տարին։ Իհարկե, այս նշանավոր տարեթվերը հետք են թողնում նաև քննարկումների վրա՝ կապված մեր կազմակերպության գործունեության հետ։ Այսօր տեսնում եք, թե ինչպիսի վտանգների և մարտահրավերների առջև են կանգնած հետխորհրդային, այդ թվում՝ մեր կազմակերպության անդամ երկրները։ Դա գլոբալ մարտահրավերներ են՝ կլիմայի փոփոխություն, համավարակ, ինչպես նաև այնպիսի հանգամանքներ, որոնք ներկայացնում են իրական վտանգներ մեր կազմակերպության համար՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ՆԱՏՕ-ի ամրապնդումը կազմակերպության արևմտյան սահմանին և այլն։

Իհարկե, նշելով այդ հոբելյանական տարեթվերը, մենք որևէ կերպ չենք պատրաստվում եղած հաջողություններով բավարարվել, ընդհակառակը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի այս նիստին քննարկել ենք մեր կազմակերպության ամրապնդման, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում կազմակերպության տեղը որոշելու հարցերը միջազգային հարաբերությունների համատեքստում։ Գտնում ենք, որ մեր կազմակերպությունը պետք է կարողանա համարժեք պատասխանել այն մարտահրավերներին և վտանգներին, որոնք առաջանում են գրեթե ամեն օր։ Հենց այդ հարցին ենք մենք մեծ ուշադրություն դարձրել խորհրդի նիստին՝ սկզբում նեղ կազմով, ապա՝ նաև ընդլայնված կազմով։ Մենք կարծիքներ ենք փոխանակել միջազգային իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Ես տեղեկացրել եմ այն մասին, թե ինչպիսի միջոցներ է ձեռնարկում ՆԱՏՕ-ն մեր արևմտյան սահմաններին։ Ցավոք, տեսնում ենք լարվածության աճ, որն ուղղված է այդ թվում մեր կազմակերպության դեմ. մեր սահմաններին ՆԱՏՕ-ի զինծառայողների քանակը ավելանում է, աճում է զորավարժությունների քանակը, որոնք ՆԱՏՕ-ի կողմից անցկացվում են ամեն տարի և այլն։

Մտքեր են փոխանակվել նշված իրադրության վերաբերյալ, և պայմանավորվել ենք սերտ համագործակել կազմակերպության արտաքին քաղաքականության ոլորտում։ Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ խորհրդակցություններ անցկացնել թեմաներով, որոնք առնչվում են արտաքին քաղաքականությանը, ռազմական ոլորտին, անվտանգությանը։ Այս խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է համապատասխան խորհրդակցությունների 2021-24 թվականների ծրագիրը, ընդունվել է համապատասխան հայտարարություն մեր տարածաշրջանում իրադրության վերաբերյալ, որտեղ հստակ նշվում է անվտանգության անբաժանելիության սկզբունք ստեղծելու անհրաժեշտության մասին։ Չի կարող մի պետության անվտանգությունը կառուցվել մյուս պետության հաշվին։

Ընդհանուր առմամբ Երևանում անցկացված ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը եղել է հագեցած, արդյունավետ և բեղմնավոր։ Համոզված եմ, որ այն որոշումները, որոնք ընդունվել են այս խորհրդի նիստի շրջանակում, կարող են լավ հիմք ծառայել մեր կազմակերպությունը ամրապնդելու գործում։

 - Արդյո՞ք նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը: Ինչպիսի՞ն է Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման վերաբերյալ, ի՞նչ լուծումներ եք տեսնում:

- Չէի ասի, որ այդ հարցը ուղղակի կերպով քննարկվել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Հայկական կողմը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի  և զարգացումների մասին։ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանն այդ թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բելառուսի դիրքորոշումը եղել է և մնում է միանշանակ՝ մենք կտրականապես դեմ ենք ռազմական ճանապարհով հարցի լուծմանը։ Գտնում ենք, որ բոլոր նման հարցերը, հակամարտությունները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ՝ դիվանագիտական և քաղաքական կարգավորման ճանապարհով։ Պետք է գործարկվի դիվանագիտական և քաղաքական քայլերի ողջ գործիքակազմը, որպեսզի ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարգավորվի որքան հնարավոր է շուտ։ Գտնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները լավ հիմք են ստեղծում խնդրահարույց այս իրավիճակի լուծման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, թե ինչպես է առաջ գնում սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը շատ զգայուն է այս փուլում։ Մենք լիովին աջակցում ենք այն ջանքերին, որոնք ընդունվում են երեք երկրների կողմից հակամարտության արագ կարգավորման համար և, ինչպես տեսնում ենք (այդ մասին ևս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը), այս առումով առաջացել են որոշակի հուսադրող պահեր։ Այս գործընթացին, իհարկե, ամբողջությամբ կաջակցենք՝ նկատի ունենալով, որ հարցը պետք է լուծվի որքան հնարավոր է արագ և այն պետք է լուծել դիվանագիտական և քաղաքական միջոցներով։

-Պարոն Մակեյ, այս տարի Հայաստանն ու Բելառուսը նշում են դիվանագիտական հարաբերությունների 29-ամյակը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը: Ըստ ձեզ, հատկապես ո՞ր ուղղություններով երկու երկրները պետք է աշխատանքներ տանեն։

-Մեր հարաբերությունները կբնութագրեի որպես շատ ու շատ բարձ մակարդակի և դինամիկ։ Իսկապես, հաջորդ տարի մենք նշում ենք մեր երկրների միջև հաստատված հարաբերությունների 30-ամյակը։ Մենք կարող ենք արձանագրել, որ շատ դինամիկ կերպով զարգանում է երկու երկրների միջև քաղաքական կապերը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ այդ հանդիպումների շրջանակներում նրանք քննարկում են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցերը։

Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջերս անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն։ Ես հանդիպել եմ Արարատ Միրզոյանի հետ մի քանի օր առաջ, և մենք նույնպես քննարկել ենք մեր հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց ամրապնդման ուղիները։ Ակտիվորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը՝ վերջերս կայացել է տնտեսական համագործակցությանը վերաբերվող միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Այնպես որ, ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա կապերը զարգանում են բավականին դինամիկ կերպով։

Առևտրատնտեսական հարաբերությունները նույնպես արձանագրում են շատ բարձր դինամիկա։ Օրինակ՝ անցած տարի մեր առևտրաշրջանառությունը աճել է գրեթե 20 տոկոսով և հասել համարյա 100 միլիոն  դոլարի՝ չնայած համավարակին։  Այդպիսի բան չի եղել մեր պատմության մեջ։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում առևտրաշրջանառությունը աճել է 60 տոկոսով։ Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջև առկա է ներուժ, և մենք մտադիր ենք մեծ ուշադրություն դարձնել առևտրատնտեսական կապերը ամրապնդելուն։ Պետք է ասեմ, որ այս առումով մեր դեսպանությունները ակտիվ աշխատում են, ուստի՝ պատկառելի հիմքը ստեղծվել է, և մեր խնդիրն է, որպեսզի հետագայում ևս զարգացնենք առևտրատնտեսական, քաղաքական, հումանիտար կապերը, միջտարածաշրջանային համագործակցությունը, որը շատ կարևոր է։

Ես համոզված եմ, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին մենք դուրս կգանք նոր ցուցանիշներով և  կբարձրանանք մեր համագործության նոր աստիճանին։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ և թողնել, որ ամեն ինչ իր հունով գնա։ Ոչ, ես խոսել եմ գործընկերոջս հետ, պայմանավորվել ենք, որ կհրահանգենք մեր գերատեսչություններին ակտիվացնել մեր հետագա հարաբերությունները։ Դա նոր խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում և բնագավառներում մեր հարաբերությունները ընդլայնելու և ամրապնդելու համար։

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]