1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա. Միրզոյանը՝ բողոքի ցույցերի մասին

Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա. Միրզոյանը՝ բողոքի ցույցերի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին՝ պնդելով, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Միրզոյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, նշել է, որ կարող է իր ասածը հիմնավորող երկու փաստարկ բերել: «Նախ՝ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի և հանգուցալուծել են այն ժամանակ իսկապես առկա քաղաքական ճգնաժամը: Հարկ է նշել նաև, որ այս ընտրությունները ճանաչվել են իբրև ժողովրդավարական և թափանցիկ՝ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից: Այսինքն, դա փաստում է, որ քաղաքացիները աներկբայորեն հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումը արտահայտել և որոշում կայացնել: 

Երկրորդ՝ մենք հետևում ենք, համենայն դեպս, ես ինչքանով հասցրել եմ հետևել, տեղի ունեցող հանրահավաքների սակավամարդությունը, թերևս, չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից: Բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, և բոլորը խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն»,- նշել է Միրզոյանը:

Նրա գնահատմամբ՝ եթե հեռանանք իրավունքի հարցից և անդրադառնանք այդ գործընթացի տրամաբանական կողմերին, կարող է իր մասնավոր, անձնական դիրքորոշումը հայտնել: «Ես այդտեղ ողջախոհության հետ կապված որոշակի հարցեր եմ տեսնում ինքս ինձ համար և կարող եմ ասել նաև՝ ինչու: Նախ՝ այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն  իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և ամենասուր քննադատության ենթարկել իշխանություններին և ամենասուր հարցերը տալ, որից ցավոք, կամ բարեբախտաբար, նրանք չեն օգտվում. իրենց իրավունքն է կրկին: 

Եվ երկրորդ, ամենաէական, բովանդակային կողմը հարցի․ որքանով, որ հասցրել եմ հետևել և հասկանալ, հանրահավաքներ կազմակերպող և մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ քաղաքականություն չի վարում Լեռնային Ղարաբաղի հարցում, ճիշտ քաղաքականություն չի վարում Ադրբեջանի հետ բոլոր նշածս, արդեն քիչ առաջ թվարկածս ուղղություններում, բանակցություններում, ճիշտ քաղաքականություն չի վարում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և այլն, և այլն: 

Եվ այստեղ պետք է ասեմ, որ տարօրինակորեն մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա, և իշխանությունը ինչ-որ կերպ փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվում են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կամ 2021 հունվարի 11-ի և արդեն նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունները, պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվում են կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, և այլն: Այսինքն, եթե այդպիսի մոտեցում հայտարարվեր, գուցե տրամաբանական լիներ, որովհետև մեր մոտեցումը ես արդեն ներկայացրեցի, և վաղուց հանրահռչակված է: Եվ ահա այս հավակնորդ քաղաքական ուժերը, ենթադրում եմ՝ տրամաբանական կլիներ, որ այս առանցքային հարցերում հակառակ դիրքորոշում ունենային: Կրկին, ես շատ չեմ հասցրել հետևել, բայց ինչքանով որ հասցրել եմ, որևէ խոսք՝ նշածս գործընթացները կասեցնելու, այդ գործընթացներից դուրս գալու մասին չեմ հանդիպել, ինչն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ, այնուամենայնիվ, այդ քննարկվող թեմատիկան զուտ ընդդիմության կողմից ոչ այնքան գեղեցիկ կերպով շահարկման ճանապարհ է և առիթ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]