1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տանգոյի գեղեցիկ մեղեդիներով Երևանում նշվեց Արգենտինայի ազգային տոնը

Տանգոյի գեղեցիկ մեղեդիներով Երևանում նշվեց Արգենտինայի ազգային տոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային տոնը Երևանում նշվեց արգենտինական կրքոտ տանգոյի ելևէջներով հարուստ համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ մայիսի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ելույթ ունեցան հայտնի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը, երգչուհի Մարիել Դյուպետին, Օպերային թատրոնի նվագախումբն ու «Կադանս» անսամբլը:  Համերգը ղեկավարեց դիրիժոր, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Համերգին հնչեցին Աստոր Պյացոլայի «Տարվա եղանակները», որի գործիքավորումն իրականացրել է կոմպոզիտոր Կարեն Անանյանը, Անիբալ Տրոյլոյի և այլ հեղինակների գործեր:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Կադանս» անսամբլի պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը հիշեցրել էր, որ 2013 թվականին նույն կազմով Երևանում հանդես են եկել համերգով: «Դա գեղեցիկ փորձ էր, և մենք որոշեցինք կրկնել այն: Ռիոսի և Դյուպետիի հետ վաղուց ենք աշխատում. 2009 թվականին ԱՄՆ-ում ենք համերգներով հանդես եկել, հետո՝ Արգենտինայում, իսկ այնուհետև Հայաստանում»,- նշել էր նա:

Մայիսի 27-ին կայացած համերգի նախաձեռնության հեղինակը ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան է, որի խոսքով՝ Արգենտինայի ազգային տոնը հրաշալի առիթ է Երևանում ընդունելու այնպիսի փայլուն աստղերի, ինչպիսիք են Վալտեր Ռիոսն ու Մարիել Դյուպետին:  «Վալտեր Ռիոսն արգենտինական տանգոյի պատմության կենդանի լեգենդներից է, իսկ Մարիել Դյուպետին՝ տանգոյի հանճարեղ կատարող: Այն, ինչ նրանք պատմում են տանգոյի մասին, կարելի է գրի առնել: Իմ հիացմունքը պետք է արտահայտեմ նաև «Կադանս» անսամբլի հանդեպ: Նրանք այնպես են նվագում արգենտինական տանգո, որ չի տարբերվում արգենտինացի երաժիշտների կատարումներից: Ուղղակի հրաշալի են»,- շեշտել էր դեսպանը:

Բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը նվագեց այն բանդոնեոնով, որը շատ տարիներ առաջ իրեն նվիրել է Պյացոլան: Երաժիշտն իր հետ Երևան էր բերել նաև մեկ այլ բանդոնեոն, որը հատուկ համերգի համար երկրից դուրս հանելու թույլտվություն էր ստացել Արգենտինայի տանգոյի ազգային ակադեմիական թատրոնից:  Այն պատկանում է արգենտինացի մեկ այլ նշանավոր երաժշտի՝ Անիբալ Տրոյլոյին: Այդ գործիքով նա կատարեց Տրոյլոյի հայտնի գործերից մեկը՝ բացելով համերգի երկրորդ մասը:

«Առաջին անգամ, երբ եկանք Հայաստան ներկայացնելու Պյացոլայի գործերը, ինձ վրա մեծ հանձնառություն էր դրված՝ խոսքով հնչեցնել տանգոն: Ինձ համար անսպասելի էր, թե ինչքան ջերմ ու բուռն  արձագանք ստացան մեր կատարումները»,-նշել էր Մարիել Դյուպետին:

Ըստ նրա՝ երաժշտությունը մոտեցնում, մտերմացնում է մարդկանց: Դյուպետին վստահ է՝ դա ինտելեկտի, խելքի հարց չէ. մարդիկ սրտով են մոտենում միմյանց:

Երևանյան համերգից հետո  խումբը մեկնելու է Սիրիա, որտեղ համերգներով հանդես կգա  Հալեպում ու Դամասկոսում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]