Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

Հայաստանում կստեղծվի ալյումինի արտաձգման խոշոր գործարան

Հայաստանում կստեղծվի ալյումինի արտաձգման խոշոր գործարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը բավարարել է «Սոլարա» ընկերության ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր: Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել ընկերությանը՝ սարքավորումներ և հումք ձեռք բերելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, «Սոլարա»-ն Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող առաջատար ընկերություններից է, մասնագիտացած մասնավոր, բիզնես և արտադրական մասշտաբների արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման մեջ:

Ընկերությունը հիմնել է ալյումինի արտաձգման «Կոնստալ» գործարանը Աբովյան համայնքի տարածքում, որի համար ձեռք է բերել 23 հազար քմ տարածք՝ արտադրական գործունեություն իրականացնելու համար:

Գործունեության հիմնական ուղղություներն են՝ արևային ֆոտովոլտային վահանակների համար ալյումինե շրջանակների արտադրությունը և արևային կայանների տեղադրման համար նախատեսված ալյումինե կոնստրուկցիաների արտադրությունը:  Գործարանում կարտադրվեն նաև ալյումինե դռների և պատուհանների համար շրջանակներ:

Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանի խոսքով, Կառավարության այս որոշումը կարևոր խթան է Հայաստանում արտադրության կազմակերպման գրավչությունը մեծացնելու և ներդրումներ կատարելու համար:

«Հայաստանի Կառավարությունը մշտապես աջակցել է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և ոլորտում իրականացվող աշխատանքներին: Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի տնտեսական աճը էլ ավելի կայունացնելու և առաջ գնալու համար անհրաժեշտ է տնտեսության զարգացման վեկտորներն ուղղել դեպի արտադրողները: Մենք մեր հերթին որդեգրել ենք այս կարևոր ուղեգիծը և շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Ալյումինի արտաձգման գործարանի ստեղծման ներդրումային բյուջեն կազմում է 15 մլն դոլար, որի արդյունքում մենք կունենանք ոչ միայն կայուն արտադրություն, այլ նաև կստեղծենք շուրջ 200 աշխատատեղ»,-նշել է «Սոլարա»-ի գլխավոր տնօրենը:

Արտադրանքի զգալի մասն արտահանվելու է ԱՄՆ, Եվրոպա և ԵԱՏՄ անդամ երկրներ:

Ալյումինի արտաձգման գործարանի բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերին, և աշխատելու է ամսական 600-800 տոննա արտադրական հզորությամբ:

***

«SOLARA» ընկերությունն ստեղծվել է 2019թ. և զբաղվում է արևային կայանների տեղադրմամբ:

Կազմակերպությունը հանդիսանում է 2008 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «LA SOLAR GROUP» արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերության Հայաստանյան ռազմավարական գործընկերը:

«SOLARA»-ն մատուցում է արևային էներգետիկայի ոլորտի համալիր ծառայություններ՝ արևային կայանների նախագծում, տեղադրում, շահագործում, մոնիթորինգ և սպասարկում:

«SOLARA» արևային կայաններում օգտագործվում են ամերիկյան «LA SOLAR GROUP» և «SOLARA» ընկերությունների համատեղ նախաձեռնություն հանդիսացող հայրենական խոշորագույն «LA Solar» արևային ֆոտովոլտային մոդուլներ արտադրող ընկերության վահանակները: «LA Solar» ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է ներկայումս աշխարհում գործող ամենահեղինակավոր հավաստագրերով, իսկ արտադրանքի 70 %-ից ավելին արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա, ԵԱՏՄ և այլ երկրներ: Արևային վահանակների գործարանը գտնվում է «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում և ունի տարեկան 90 մՎտ հզորությամբ արտադրական ծավալներ: 2022թ. այդ ծավալները կհասնեն 200 մՎտ-ի: Բոլոր վահանակներում օգտագործվում է ներկայումս ամենաարդյունավետ և վերջին սերնդի Mono-PERC տիպի ֆոտովոլտային բջիջները:

Գլխամասային գրասենյակից բացի, «ՍՈԼԱՐԱ»-ն մասնաճյուղեր ունի նաև Գյումրիում և խանութ-սրահ «Գարաժ Մասթերս» մոլում, իսկ 2022-ի մայիսին ընկերությունը մասնաճյուղ հիմնեց Տաշքենդում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]