Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը կնպաստի անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետ իրականացմանը. ԳԱԱ

Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը կնպաստի 
անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետ իրականացմանը. ԳԱԱ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում մեր երկրում տիեզերական առաջատար տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ գրանցված կարևոր քայլը՝ կապված «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման հետ, որն իր հետ LEO ուղեծիր (մոտ 500/550 ԿՄ) դուրս բերեց առաջին հայկական «Urdaneta-Armsat 1» iSIM-SAT 16U-CubeSat արբանյակը՝ < 2մ բարձր ճշտությամբ iSIM-90 imager տեսակի դիտարկման սարքով: Արբանյակից տվյալների ստացման և օգտագործման աշխատանքներին «SATLANTIS» ընկերության հետ միասին մասնակցում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն», որը հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից տիեզերական հետազոտությունների ոլորտում գործառույթների իրականացման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ-ն, որտեղ ընդգծված է, որ այսօրինակ տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում մշակութաստեղծ քայլ է, որը հնարավորություն է տալիս օգտագործելու առաջադեմ գիտելիքը, պատրաստելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների և հիմքեր դնելու նոր մշակումների և տեխնոլոգիաների ստեղծման համար:

«Այս առումով առանձնակի կարևորություն ունի գիտարար հետազոտությունների իրականացումը մի շարք ոլորտներում՝ տվյալների մշակում, գեոլոկացիա, պատկերների ճանաչում և այլն: Այս աշխատանքներում ներգրավելով ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի գիտնականներին, ոլորտի մասնագետներին, կարելի է առաջադրել հիմնարար և կիրառական բնույթի զարգացման էական ծրագրեր:

 Հայաստանի գիտնականներն անցյալում ունեցել են մեծ ներդրում տիեզերական հետազոտությունների ոլորտում. Վիկտոր Համբարձումյան, Արտեմ և Աբրահամ Ալիխանյաններ, ովքեր իրականացրել են հետազոտություններ աստղաֆիզիկայի և տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ոլորտներում, Գրիգոր Գուրզադյան, ով մասնակցել է «Orion-1» և «Orion-2» ուղեծրային աստղադիտարանների ստեղծմանը և զբաղվել է մոլորակային միգամածության ուսումնասիրությամբ։ Մեր գիտահետազոտական ինստիտուտներում այսօր էլ իրականացվում են մի շարք կարևոր հետազոտություններ, օրինակ, արբանյակներից ստացված տվյալների մշակումը, տիեզերական աղբի մշտադիտարկման և չեզոքացման խնդիրը և այլն:

Հետևողական քայլերով անհրաժեշտ է վերականգնել մեր նախկին հզորությունը՝ ուղղելով այն երկրի կենսական խնդիրների լուծմանը: Մենք վստահ ենք, որ արբանյակի առկայությունը և Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծումը կնպաստի սահմանային հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների մշտադիտարկման և այլ կարևոր աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Հուսով ենք, որ գիտության ոլորտում վերջին շրջանում Հայաստանի կառավարության որդեգրած դրական միտումները կկրեն շարունակական բնույթ և հնարավորություն կընձեռեն գիտական հանրությանը գրանցելու նոր նվաճումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]