Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Ուսումնավարժություն Բյուրականում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև ՊՆ ուղղաթիռ

Ուսումնավարժություն Բյուրականում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 
նաև ՊՆ ուղղաթիռ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 26-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինը, ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի անտառտնտեսությունը և ստորաբաժանում՝ Պաշտպանության նախարարությունից:

Աշխատանքներին ներգրավվել են 113 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 13 աշխատակից, 4 հրշեջ-ավտոմեքենա, պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, երկու ճահճագնաց, ՀԱԲ, ԲԱՎ և ՓՈւՎ տրասնսպորտային միջոցները, մեկ տրակտոր, 4 օժանդակ տեխնիկա և սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:

Համաձայն մտահղացման՝ անտառպետության հարավ-արևելյան հատվածում հրդեհ էր բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել էր անտառտնտեսության ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվում մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է ծառերի վերգետնյա մասերով: Այդ մասին ահազանգ է փոխանցվել Արագածոտնի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:

ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի որոշման համաձայն ծավալվել է ղեկավարման շտաբ, որոշում է կայացվել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև ՓԾ ՀՆՓԱԻԿ-ին, ՓԾ ՀԱԲ-ին, ՓԾ բուժծառայությանը, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Անտառի անվտանգ տեղամասում ծավալվել է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվել են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Իրականացվող գործողությունների ընդհանուր համակարգումն իրականացրել է ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժության նպատակն էր ամրապնդել և բարձրացնել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի, հրդեհաշիջման ղեկավարների գիտելիքները խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման, աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ, կատարելագործել գիտելիքները և փորձը՝ անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման ոլորտում, նաև արձագանքող ուժերի և այլ ծառայությունների միջև փոխգործակցության կազմակերպման և գործողությունների ներդաշնակեցման առումով:

«Վարժանքին հետևել են ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը և Կարապետ Մանուկյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը, ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները»,- հայտնում են ԱԻՆ-ից:

Նշվում է, որ ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժության մասնակիցները լիարժեք կատարել են իրենց առջև դրված խնդիրը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]