Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Երկիր մոլորակի ուղեծրում Հայաստանի արբանյակը կմնա առնվազն 4 տարի

Երկիր մոլորակի ուղեծրում Հայաստանի արբանյակը կմնա առնվազն 4 տարի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերումը կարևոր ենթակառուցվածք է երկրում ոլորտի զարգացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:  

«Այս գործընթացը երկար ժամանակ է սկսվել, սակայն առավել ակտիվ եղել  է 2022 թվականի ընթացքում:  Այն կարևոր ենթակառուցվածք է երկրում տիեզերական էկոհամակարգի ձևավորման համար:  Խորհրդային տարիներին Հայաստանի գիտնականները մեծ ձեռքբերումներ են գրանցել այս ոլորտում, այժմ, հաշվի առնելով ունեցած նախկին փորձը, ձգտում ենք վերականգնել նախկին հաջողությունները: Էկոհամակարգը բազմաշերտ է, այն ենթադրում է տիեզերական սարքավորումների արտադրություն, ծրագրային միջոցների մշակումը և այլն: Հայաստանն ունի այդ պոտենցիալը»,-ասաց փոխնախարարն՝ ավելացնելով, որ  խնդիր է դրված նպաստել ոլորտում ձեռնարկությունների ակտիվացմանն ու զարգացմանը:  

Ոլորտի զարգացման աշխատանքներում կարևոր բաղադրիչ է արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայանի ստեղծումը: Նախարարի տեղակալը նշեց, որ մի շարք ուղղություններով բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Հայաստանում ոլորտի ակտիվացման ու զարգացման համար: Արդեն կան ոլորտի ձեռնարկություններ, որոնք արդյունքներ են գրանցել  ֆինանսական շոշափելի միջոցներ են ներգրավելու առումով: Նրանք հաջողություններ ունեն ոչ միայն Հայաստանի շուկայում, այլև դրսում:

Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերման գործընթացի վերաբերյալ նախարարի տեղակալը մանրամասներ չներկայացրեց՝ հաշվի առնելով գաղտնիությունը:  Միայն նշեց, որ արբանյակը մոլորակի ուղեծրում կմնա առնվազն 4 տարի: 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]