Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Սաղաթելյանն ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարը համարում է ՀՀ նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ

Սաղաթելյանն ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարը համարում է ՀՀ 
նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիրների նախաձեռնած՝ արդեն շուրջ 30 օր տևող փողոցային պայքարը, անհնազանդության գործողությունները համարում է Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ, ըստ նրա՝ ճնշումն ու տեմպն ուժեղացնելով կհասնեն իրենց նպատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում:

Նախ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են օրինակ նախորդ օրը շրջափակել նախագահի նստավայրը, երբ նախագահն այնտեղ չէր և ինչո՞ւ օրինակ չեն շրջափակել կառավարության շենքը, որտեղ մայիսի 26-ին կառավարության նիստ էր տեղի ունենում՝ Սաղաթելյանն ասաց, որ իրենց խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն է, և, որ իրենք, նախագահի նստավայրը, ԱԽ շենքը շրջափակելով, ըստ էության, կասեցրել են տվյալ հաստատությունների աշխատանքը և իրենց առջև դրված խնդիրն ամբողջությամբ լուծել: «Կգա ժամանակն ու օրը, երբ կշրջափակվի նաև կառավարության շենքը: Մենք ծրագրավորված իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները, և ըստ տվյալ օրվա ռեսուրսի, նպատակահարմարության որոշում ենք, թե որ շենքը պետք է ենթարկվի շրջափակման և ինչ պահանջներով»,-ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով հարցին, որի մասին նախորդ օրը ԱԺ-ում խոսել էր նաև ՀՀ վարաչպետը, թե արդյոք ԼՂ հիմնախնդիրը պետք է տարանջատվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարց, թե ոչ՝ Սաղաթելյանը տեսակետ հայտնեց, որ ընդհանուր փաթեթային, ամբողջական լուծում է պետք: « Չի կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքը, երբ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Անթույլատրելի է խոսել Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ մոռանալով կարգավիճակը: Բոլոր խնդիրները միմյանց հետ փոխկապակցված են»,-ասաց նա:  

Պատասխանելով հարցին, թե ինչը չի հերիքում ընդդիմությանը իշխանափոխության հասնելու համար՝ Սաղաթելյանն ասաց՝ նրանք, ովքեր գտնում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, պետք է դառնան մասնակից: Նա նկատեց՝ մոտ 1 ամիս է, ինչ պայքարը շարունակվում է, մարդիկ ոտքի են ելել:  «Դա Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ երևույթ է: Չեք կարող բերել նման օրինակ, երբ 30 օր շարունակ ժողովուրդը ոտքի կանգնի և 24-ժամյա ռեժիմով առավոտյան ժամը 8:00-ից մինչև գիշեր անցկացնի երթեր, հանրահավաքներ, ակցիաներ, գիշերի Ֆրանսիայի հրապարակում»,-ասաց նա:

Իսկ, թե երբ է գալու պայքարի նպատակին հասնելու օրը՝ Սաղաթելյանն ասաց՝ երբ հասնեն այն կրիտիկական կետին, որ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի: Նա պայքարի ժամկետներ չի ասում: Հարցին՝ հնարավո՞ր է 2-3 ամիս, պատասխանում է՝ կարծում է, որ պայքարն այդքան չի ձգվելու: «Այս պահին անհրաժեշտ է պահել տեմպը, ավելացնել ճնշումը»,-ասաց նա:

Սաղաթելյանը վստահ է, որ իրենց աջակիցները գնալով ավելանում են: Իսկ ճնշումն ավելացնել ասելով նկատի ունի, որ պետք է կրկնապատկել անհնազանդության ակցիաների և ծավալը, և քանակը: Իսկ երբ այդ պատկերը լինի, վստահ է, որ կհասնեն իշխանափոխության: «Այս պայքարը որևէ կերպ և որևէ ձևով չի կարող կասեցվել, պարտվել»,-նշեց նա:  

Անդրադառնալով երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին՝ Սաղաթելյանն ասաց, որ ընդդիմադիր պատգամավորները ներկա կլինեն, խնդիրն այն է՝ մեծամասնությունը ներկա կլինի՞, թե՞ ոչ: Ըստ նրա՝ իշխանականները պետք է գան ու բացատրեն, թե ինչու են դեմ ընդդիմության առաջարկած հայտարարությանը, որ կետին են դեմ:  Սաղաթելյանի խոսքով՝ նիստն ըստ ժամանակացույցի պետք է տեղի ունենա հունիսի 3-ին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]