Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ճարտարապետության և շինարարության համալսարանում առաջին անգամ բացվել է առաջին կուրսի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

Ճարտարապետության և շինարարության համալսարանում առաջին անգամ բացվել է 
առաջին կուրսի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ)  ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները  հիմնել են նոր ավանդույթ՝ ճարտարապետության տեսության, պատմության, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության (ՃՏՊՊ) ամբիոնի աջակցությամբ առաջին անգամ համալսարանում բացվել է առաջին կուրսի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված ՃՇՀԱՀ-ի 100 ամյակին։

«Մեր առաջին կուրսեցիները շատ հուզված են, սա նրանց կյանքի առաջին ցուցահանդեսն է։ Խնդրում եմ խիստ չդատել, սակայն միևնույն ժամանակ մեր ուսանողները սպասում են ձեր մասնագիտական տեսակետին և խորհուրդներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացելով ցուցահանդեսն՝ իր ելույթում ասել է Էմմա Հարությունյանը։

Նախագծերի վերլուծություններ, կոմպոզիցիաներ, գրաֆիկա՝ «ծավալատարածական հորինվածք», «ճարտարապետական նախագծման հիմունքներ», «ճարտարապետական գունագիտություն» դասընթացների գործնական շուրջ 140 աշխատանք է ներկայացվել՝ «ՆՈՒԱԿԱ ԲԵՆԴ»-ի երաժշտական կատարման ուղեկցությամբ։

Կրթության և գիտության նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բարձր պահելու և միմյանց միջև առողջ մրցակցության զգացողություն սերմանելու նպատակով ՃՇՀԱՀ-ում մշտապես կազմակերպվում են ուսանողների կուրսային և դիպլոմային լավագույն աշխատանքների ցուցադրություն։ Այս ցուցահանդեսն առանձնակի կարևորել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, քանի որ առաջին անգամ է կազմակերպվել առաջին կուրսի ուսանողների աշխատանքների ցուցադրություն։ Շնորհավորելով ուսանողներին՝ ռեկտորը հույս է հայտնել, որ այս մոտեցումը կդառնա ավանդույթ։

Ցուցահանդեսի նպատակն էր առաջին կուրսի մեկ տարվա կատարված աշխատանքների հաշվետվությամբ ներկայանալ։ Ցուցադրվող աշխատանքները, որոնք, ըստ էության, ուսանողների ստեղծագործություններն են՝ հիմնված զուգահեռաբար ձեռքբերված գիտելիքների վրա, ուսանողներին հնարավորություն են տալիս համեմատելու, ավելիին ձգտելու, ավելի լավ դրսևորելու։

«Ցուցադրության կազմակերպման գաղափարը ծնվել է այն պահին, երբ մակետները գնահատելուց հետո սկսեցինք ընտրել այն լավագույնները, որոնք պետք է մնային ամբիոնում։ Հասկանալով, որ քանակը շատ է, միտք հղիացավ դրանք ցուցադրելու, լրացնելով նաև հաջորդ հանձնվելու աշխատանքներով, ինչը ավելի ոգևորեց ուսանողներին։ Հաջորդ աշխատանքի կատարման ժամանակ նկատելի էր, որ ուսանողները ձգտում էին ոչ միայն ներկայացնել աշխատանք գնահատվելու համար, այլ նաև ցուցադրվելու, ինչը ավելի պարտավորեցնող էր և արվում էր մեծ պատասխանատվությամբ>>,- ներկայացնելով ուսանողների աշխատանքները ՝պարզաբանել է դոցենտ, միջոցառման կազմակերպիչ Նարինե Մխիթարյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]