Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Արմոտեկա. ՀայՓոստը գործարկում է հայկական արտադրանքի խթանման և արտահանման նոր հարթակ

Արմոտեկա. ՀայՓոստը գործարկում է հայկական արտադրանքի խթանման և 
արտահանման նոր հարթակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայՓոստը մեկնարկում է Արմոտեկա նոր առցանց հարթակը, որի նպատակն է  հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել և կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀայՓոստից, հայկական գինիներ, բուսական թեյեր, չրեր, համեմունքներ, հայկական բույրեր և համերը հասանելի կլինեն աշխարհի տարբեր երկրների պատվիրատուներին:

Արմոտեկա առցանց հարթակի միջոցով կարելի է պատվիրել հայկական գինիներ, քաղցրավենիք, մեղր, տարբեր մրգերից պատրաստված ջեմեր, պահածոներ, բուսական թեյեր: Հարթակում ներկայացված տեսականին կշարունակվի օրեցօր համալրվել։

«Արմոտեկան հարթակ է ոչ միայն Հայաստանից դուրս ապրող հայերի համար, այլ բոլորի, ովքեր գնահատում են լավ գինին, օրգանիկ բուսական թեյերը, բնական մրգերից ստացված անարատ պահածոները: Մեր գործարկած Արմոտեկա հարթակի շնորհիվ հայ գործարարների համար ստեղծում ենք հնարավորություն ներկայացնել և վաճառել իրենց արտադրանքը ամբողջ աշխարհում, իսկ մենք կառաքենք այն հնարավորինս արագ: Այժմ հրավիրում ենք իսկապես որակյալ արտադրանք արտադրող մեր գործարարներին իրենց ապրանքը ներկայացնելու մեր հարթակում»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանն էլ տեղեկացրել է.

«Մենք մեկնարկել ենք Արմոտեկա առցանց խանութը, որը նոր մոտեցմամբ կհամախմբի լավագույն հայկական արտադրանքը մեկ միասնական հարթակում և եզակի հնարավորություն կտա հայկականը հասանելի դարձնել սփյուռքին և ներկայացնել ողջ աշխարհին։ Հավելեմ նաև, որ Արմոտեկան հնարավորություն է տալիս ձեռք բերել հայկական արտադրանքը ամսական բաժանորդագրությամբ, ինչպես նաև ընտրել մեր կողմից մշակված յուրօրինակ թեմատիկ նվեր տուփեր՝ այսպիսով խնայելով ժամանակ և գումար»:

ՀայՓոստը Արմոտեկա առցանց հարթակի շրջանակում հայ արտադրողներին հնարավորության կտա ապահովել հայկական արտադրանքի հասանելիությունը շուրջ 190 երկրում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]