Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործընթացներն արդեն ոչ թե իշխանության, այլ հանրության դեմ են․ վարչապետն՝ ընդդիմության ակցիաների մասին

Գործընթացներն արդեն ոչ թե իշխանության, այլ հանրության դեմ են․ վարչապետն՝ 
ընդդիմության ակցիաների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդդիմության կողմից իրականացվող բողոքի ակցիաների քաղաքական նշանակությունը այլևս սպառված է, և տեղի ունեցող գործընթացների հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, որը վերաբերվում էր «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաներին։ Պատգամավորը նշեց, որ «խորհրդարանական ընդդիմությունը մեկ ամիս շարունակ բողոքի ակցիաներ է իրականացնում և ,չստանալով ժողովրդի աջակցությունը՝ դիմում է զանազան սադրանքների»։ Ջուլհակյանի հարցին, թե ինչպե՞ս է վարչապետը տեսնում  ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, Փաշինյանը պատասխանեց, որ, իր գնահատականով,ստեղծված իրավիճակը քաղաքական չէ, այլ լոգիստիկ, որովհետև խոսքը իրականում քաղաքում խցանումների և երթևեկության խնդիրների մասին է։

«Պետք է անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր քաղաքական նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այստեղ սիներգիա է առաջանում և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան։ Բայց ուզում եմ ասել, որ այդ գործընթացը սկսվել է քաղաքական շեշտադրումներով, և Հայաստանի ընդդիմությունը ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքը հանրությանը ասել ։ Սրա նպատակը ի՞նչ է։ Սովորաբար, նման ակցիաների նպատակը լինում է հետևյալըհանրությանը ներգրավվել գործընթացի մեջ և ձևակերպել հստակ քաղաքական պահանջ, բայց քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, հիմա այդ գործընթացները արդեն ոչ թե իշխանության, այլ այլևս հանրության դեմ է։ Նրանք ունեն հետևյալ տրամաբանությունը, որ այ եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ուրեմն ավելի շատ ձեզ համար կստեղծենք անհարմարություններ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝  ընդդիմությունը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ։

 «Եթե հիշում եք, այդ քաղաքական ուժը կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև քոքը մաշեցնելու է, դե հիմա մենք տեսնում ենք, որ չկարողանալով դա իրականացնել, ինքն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը և կարծում եմ, որ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև մաշեն»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]