1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«իգործ» նախաձեռնության շնորհիվ ավելի քան 5 միլիոն դրամ է փոխանցվել ասթմա ունեցող երեխաների բուժման համար

«իգործ» նախաձեռնության շնորհիվ ավելի քան 5 միլիոն դրամ է փոխանցվել ասթմա 
ունեցող երեխաների բուժման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «իգործ» բարեգործական նախաձեռնությունը ամփոփել է 4 ամսում իրականացրած գործունեությունը, ինչի  շրջանակում ավելի քան 5 միլիոն դրամ է փոխանցվել ասթմա ունեցող երեխաների բուժման համար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավի շրջանակներում իրականացված աշխատանքները եղել են տարաբնույթ՝ մատուցողից, հրուշակագործից, բրենդային խանութի վաճառողուհուց, բենզալցակայանի աշխատակցից մինչև ադմինիստրատոր։

Արշավի հեղինակ DJ Vakcina-ն՝ Արուսիկ Մկրտչյանը նշեց, որ  հունվարի 13-ին սկիզբ դրեց «իգործ» բարեգործական նախաձեռնությանը և գործատուների մոտ տարբեր աշխատանքներ կատարելով՝ 4 ամսում կարողացավ հավաքել  4,493,350 ՀՀ դրամ, իսկ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին փակման միջոցառման ընթացքում ևս 556,000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 5,049,350 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ծառայեցվել է՝ ասթմա ունեցող երեխաներին բուժմանն անհրաժեշտ դեղորայքով օգնելու նպատակին։ 

«Նպատակը ոչ թե բուն աշխատանքի էությունն էր կամ վարձատրության չափը, այլ այն գաղափարը, հանուն որի պատրաստ էի սիրով կատարել տարաբնույթ աշխատանք։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաները բոլորիս օգնության կարիքն ունեն, և եթե կարողանանք ավելի շատ ընկերություններ ներգրավել այս գործում և անհրաժեշտ ֆինանսավորում ապահովել, ապա այդ փոքրիկների կյանքի որակն էապես կբարելավվի, և նրանք կկարողանան հանգիստ վայելել իրենց մանկությունը»,- ասաց Արուսիկ Մկրտչյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում բնակվում են ասթմա ունեցող 1 500-ից ավելի երեխաներ, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերից ոչ բոլորն են հասանելի Հայաստանում:

404 երեխայի երկու ամսվա դեղորայքի ապահովումը հնարավոր է դարձել «իգործ» բարեգործական նախաձեռնության շնորհիվ, որի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 20-ին: Միջոցառմանը ներկա էին հայկական տարբեր կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ։ Բոլորին մեկ հարկի տակ միավորել էն «իգործ» բարեգործական նախաձեռնության մասնակցությունը և այն գաղափարը, որի համար արշավը մեկնարկել էր։ 

Միջոցառման ընթացքում գործընկերների կողմից երախտագիտության խոսքեր հնչեցին արշավի կարևորության և հաջողության մասին։ Արուսիկ Մկրտչյանը և հիմնադրամի տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր այն կազմակերպությունների հիմնադիրներին ու տնօրեններին, որոնք սիրով միացել են արշավին և իրենց ներդրումն են ունեցել «իգործ» բարեգործական արշավի հաջողության գործում։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ երկու նկարների բարեգործական աճուրդ, որից գոյացած ամբողջ գումարը նույնպես ուղղվեց ասթմա ունեցող երեխաների համար անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելուն։ Նկարներից մեկը Սերգեյ Իսավերդյանի, իսկ մյուսը՝ Աննա Աննուկ Սողոմոնյանի հեղինակած գործերն էին:

Միջոցառման վերջում մասնակիցները հույս հայտնեցին, որ «իգործ» բարեգործական արշավը լավ օրինակ կլինի այլ կազմակերպությունների և անհատների համար՝ միանալու առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժման կարևոր գործին։ Տարվա ավարտին սպասվում է «իգործ» բարեգործական արշավի 2-րդ փուլի մեկնարկը:

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն իր գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին և զբաղվում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժման հարցերով: Այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամը ստացել է շուրջ 383 մլն դրամի հանգանակություն և օգնել 1670 երեխայի, որոնցից 14-ին տրամադրել է զգալի աջակցություն՝ յուրաքանչյուրին ընդհուպ մինչև 100 հազար դոլար, իսկ 1 656 երեխայի տրամադրել է բուժման համար անհրաժեշտ դեղորայք, ֆինանսավորել տարաբնույթ հետազոտություններ ու վիրահատություններ, ոլորտային բուժհասատությանը տրամադրել է խիստ անհրաժեշտ բուժսարքավորում, ինչպես նաև՝ ֆինանսավորել է արտասահմանյան լավագույն կլինիկաներում հայ բժիշկների վերապատրաստման ծրագիր և այլն: Հիմնադրամն ընդհանուր առմամբ տրամադրել է շուրջ 330 մլն դրամի աջակցություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]