Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

«Թատրոն կայարանը» «Անահիտ» բեմականացմամբ կազդարարի պաշտոնական բացումը

«Թատրոն կայարանը» «Անահիտ» բեմականացմամբ կազդարարի պաշտոնական 
բացումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարոյական, ազգային, քաղաքացիական, հոգևոր գաղափարների և արժեքների մասին հիշեցնելու, դրանք պահպանելու նպատակով մի խումբ էնտուզիաստներ ստեղծել են «Թատրոն կայարանը», որը գործում է Տիգրան մեծ, 80/1  հասցեում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  թատրոնի փոխտնօրեն Անդի Սողոմոնյանը նշում է՝ ձգտում են խոսել ներկայի, ապագայի մասին՝ չմոռանալով անցյալը, որում ապրել են մեր նախնիները:

«Նման թատրոն ստեղծելու մտահղացումը վաղուց կար, բայց այն հիմնվել է 2021-ի նոյեմբերին: Ամեն բան ստեղծել ենք զրոյից՝ ձգտելով համապատասխանել ժամանակակից թատրոնի չափանիշներին: Դեկտեմբերից մանկական ներկայացումներ ենք բեմադրել: Փոքրիկների դատին ենք հանձնել «Տոնածառ» ամանորյա ներկայացումը, «Թռի վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները» բեմադրությունները: Մայիսի 14-ին կայացավ մեծահասակների համար նախատեսված «Սեեեր ֆրանսիական ձևով» ներկայացման առաջնախաղը: Ուրախալի է, որ այն դրական արձագանք ստացավ»,- պատմում է Սողոմոնյանը:

Անդրադառնալով թատրոնի տոմսերի գներին՝ նա նշում է՝ գնային քաղաքականությունը նույնն է, ինչպես այլ թատրոններինը: Սողոմոնյանի խոսքով՝ թատրոնը զարգացնելու նպատակով պատրաստ են համագործակցել մասնավոր ներդրողների հետ:

«Թատրոն կայարանն» առաջիկայում հյուրախաղերով հանդես կգա Հայաստանի մարզերում: Հուլիսի 2-ին կլինեն Հրազդանի դրամատիկական թատրոնում, հուլիսի 7-ին՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի թատրոնում և հուլիսի 9-ին՝ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում:

«Թատրոն կայարանի» պաշտոնական բացումը նախատեսված է սեպտեմբերին, որի ընթացքում դերասանական կազմը թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Կարո Քարաջյանի գլխավորությամբ կներկայացնի Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծված բեմադրությունը: Բացմանը կհրավիրեն թատրոնների տնօրենների, գեղարվեստական ղեկավարների, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչների:

«Մեր թիմի հիմքում առողջ միտքն ու դատողությունն են: Թե՛ թատրոնի տնօրեն և պրոդյուսեր Արթուր Պետրոսյանը, թե՛ գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Կարո Քարաջյանը, թե՛ ես և դերասանական կազմը կարողանում ենք ժամանակին և ճիշտ որոշում կայացնել: Ստացվում է թիմային և պատասխանատու աշխատանք, ինչի շնորհիվ էլ դրական հույզեր ենք փոխանցում թատերասերներին և դրական արձագանք ստանում»,- եզրափակում է Անդի Սողոմոնյանը:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]