Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում 
քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը և հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ներկայացվել է Ֆինանսների նախարարության վերլուծությունը՝ հարկային եկամուտների կառավարման հայեցակարգի, 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերանայված նախագծի և 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է հարկային եկամուտների կառուցվածքին, մի շարք հարկատեսակների բարեփոխման նպատակադրումներին և դրանով պայմանավորված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման հնարավորություններին: Զեկուցվել է 2023-2025թթ. ՄԺԾԾ ծախսային չափաքանակների և գերատեսչությունների կողմից ներկայացված հայտերի գնահատման գործընթացի մասին, որն իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային ռազմավարությունների, իրավակարգավորումների, ծախսակազմումների և հայտերի իրատեսականության հիման վրա:  Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վերանայումը պայմանավորված է նաև միջազգային տնտեսական իրավիճակով և գործընկեր երկրների տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներով: Ներկայացվել են մակրոտնտեսական ցուցանիշների, տնտեսական աճի, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները:

Քննարկման առարկա է դարձել 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Վարչապետին ներկայացվել է եկամուտների և ծախսերի կատարողականը ըստ գերատեսչությունների: Նշվել է, որ արդյունքների հիման վրա գնահատվել է մակրոտնտեսական ազդեցությունը, մշակվել են ծախսային գործընթացի բարելավման առաջարկներ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված ծրագրերին, բարեփոխումներին առնչվող հարցեր:

Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է 2022թ. պետբյուջեով նախատեսված ծախսերի կատարման վրա և հանձնարարել հետևողական լինել, որպեսզի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսային ծրագրերն իրականացվեն լիարժեքորեն: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ չի եղել ծրագիր, որը չի իրագործվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և Կառավարությունը շարունակելու է այս մոտեցումը: Միևնույն ժամանակ պետք է ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի բովանդակությունն ու աշխատանքի որակը, ինչպես նաև մյուս ուղղություններով բարեփոխումները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները:

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]