Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

ԱՀԿ-ի տվյալներով աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք

ԱՀԿ-ի տվյալներով աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ 
հիվանդության 178 դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների համաձայն` սկսած մայիսի 7-ից մայիսի 24-ի դրությամբ աշխարհի տարբեր երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկացնում է, որ հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա։

Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի` մինչ այժմ արձանագրված մահաբերությունը, 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Հիվանդությունը նախկինում արձանագրվում էր աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

«Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից:  Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում»,- ասված է հաղորդագրությունում:

Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]