Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ. Արարատ Միրզոյանն ու արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը ուղերձներ են փոխանակել

Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ. 
Արարատ Միրզոյանն ու  արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը ուղերձներ են 
փոխանակել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը մայիսի 23-ին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանն իր ուղերձում, արձանագրելով փոխվստահությամբ, հարգանքով ու արդյունավետ երկխոսությամբ բնութագրվող հարաբերությունները, որոնք խարսխված են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի և վաղեմի պատմական կապերի վրա, պատրաստակամություն է հայտնել շարունակել հարատև խաղաղության ու կայուն զարգացման միջազգային և տարածաշրջանային օրակարգի իրագործման, ինչպես նաև՝ խաղաղ համագոյակցությանն ուղղված երկուստեք ջանքերը: Նախարար Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետի» բարձրագույն տիտղոսին արժանացնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սրբազան քահանայապետի սկզբունքային դիրքորոշման համար։

Իր հերթին Վատիկանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ վերջերս Երևանում բացված Առաքելական նվիրակությունը Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունները բարեկամական ու անկեղծ ոգով զարգացման կարևոր վկայություն է։

Վերհիշելով երկկողմ բարձրաստիճան այցերը արք. Գալագերը հավելել է, որ Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մասնավորապես բարոյական արժեքները, արդարությունը և խաղաղությունը խրախուսելու նպատակով։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]