Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակը կնշվի համերգային ծրագրով

Դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակը կնշվի համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին կազմակերպված համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես կգա թե´ որպես դաշնակահար, թե´որպես դիրիժոր, իսկ դաշնամուրի կոնցերտը կղեկավարի Ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երեկոն տեղի կունենա մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

1990 թվականից Պապյանն ապրում և ստեղծագործում է Իսրայելում: 2006-ից մինչ օրս Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի (Իսրայել) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Այդ պաշտոնում գործունեություն է ծավալել նաև Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբում (1987-1989) և Ղազախստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում (2008-2013):

Որպես դաշնակահար Պապյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. մասնագիտական երաժշտական դպրոցը (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան) և Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ. Միխայիլ Վոսկրեսենսկու դասարան): 

Նա Վիանա դա Մոտայի անվ. դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է (Լիսաբոն, 1979, 2-րդ մրցանակ): Որպես դիրիժոր ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆ. Իլյա Մուսինի դասարան): Այդ ժամանակից սկսվել են Պապյանի ընդգրկուն ծրագրերով ելույթները միջազգային հայտնի բեմահարթակներում (որպես դիրիժոր, մենակատար դաշնակահար և անսամբլիստ 50-ից ավելի հյուրախաղային այցեր Եվրոպա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Սլովակիա, Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան և այլուր):

Աշխատակցել է հայտնի դիրիժորների (Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով և ուրիշներ), երգիչների (Դմիտրի Խվորոստովսկի, Սումի Ջո և այլք), ջութակահարների (Գայ Բրաունշտեյն, Մաքսիմ Վենգերով և ուրիշներ) հետ: Վենգերովի հետ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արևելքում, ձայնագրություն կատարել EMI Classics ֆիրմայում: Պապյանը դիրիժորություն և դաշնամուր է դասավանդում Թել Ավիվի Բուշման-Մեհտա երաժշտական դպրոցում և վարպետության դասընթացներ վարում Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում: Թել Ավիվի Սամուիլ Ռուբինի անվ. երաժշտական ակադեմիայում իրագործել է «Դոն Ժուան», «Կարմեն» և Նիլսենի «Սավուղը և Դավիդը» օպերաների բեմադրությունները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]