Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բնակվարձի փոխհատուցում. Ուկրաինայից վերադարձած ՀՀ քաղաքացիները որ դեպքում և ինչպես կարող են օգտվել աջակցությունից

Բնակվարձի փոխհատուցում.  Ուկրաինայից վերադարձած ՀՀ քաղաքացիները որ 
դեպքում և ինչպես կարող են օգտվել աջակցությունից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Ուկրաինայից երրորդ երկրների միջոցով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիությամբ անձանց որոշ ընտանիքներ արդեն օգտվում են Միգրացիոն ծառայության վերաինտեգրման ծրագրից՝ ստանալով բնակվարձի փոխհատուցում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ իր հերթին, ստացած դիմումներն՝ ըստ անհրաժեշտության, ուղղորդում է նաև գործընկեր կազմակերպություններ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են. «Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակի գործերը պահանջելու, Ուկրաինայում կենսաթոշակ կամ նպաստ նշանակված լինելու (չլինելու), ուսման, աշխատանքային ստաժի կամ աշխատավարձի վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված է շուրջ 115 գրություն, որից 98-ի դեպքով համապատասխան հարցումներ են կատարվել Ուկրաինայի կենսաթոշակային հիմնադրամ»:

Նախարարություն հիմնականում դիմել են երկքաղաքացիություն ունեցող անձինք. նրանք վերադարձել են Հայաստան և դիմել կենսաթոշակի հարցով:

Նախարարությունը դիմումներ է ստացել նաև սննդի և կացարանի հարցով, մի մասի դեպքում ուղղորդել է Միգրացիոն ծառայություն՝ օգտվելու պետական աջակցության ծրագրից, մյուս մասի դեպքում գործընկեր կազմակերպության միջոցով է փորձել աջակցություն առաջարկել:

ՀՀ միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ Ուկրաինայից երրորդ երկրների միջոցով Հայաստան վերադառնալու պարագայում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ծառայության վերաինտեգրման ծրագրից: Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ներկայացրել է ծրագրից օգտվելու պայմանները.

«Եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անձ, կամ բազմազավակ ընտանիք է՝ 4 և ավելի երեխաներով: Այդպիսի դիմումներ արդեն ստացել ենք, 4 հայտ ունենք հաստատված, որոնց հատկացվել է 60 հազար դրամի չափով բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամսով»:

Ըստ նրա՝ շահառուներին հաջողվում է այդ գումարով բնակարան վարձել մոտակա մարզերում կամ Երևանի ծայրամասում: Ծրագրից օգտվելու համար դիմողը պետք է, որ առնվազն 1 տարի գտնված լինի Ուկրաինայում, անհրաժեշտ է դիմել Հայաստան վերադարձից հետո 3 ամսվա ընթացքում: Ծրագրի շահառու հանդիսանալու համար դիմողը նաև պետք է ՀՀ-ում չունենա սեփականության իրավունքով բնակելի տարածություն:

Միգրացիոն ծառայության վերաինտեգրման ծրագիրը գործում է արդեն 3 տարի: Այս հնարավորությունից կարող են օգտվել անօրինական միգրանտի կարգավիճակում գտնված և Հայաստան վերադարձած ընտանիքները, նաև հետընդունման համաձայնագրի շրջանակում վերադարձածները: Այս տարի շահառուների ցանկում ներառել են նաև Ուկրաինայից վերադարձած ՀՀ քաղաքացիներին: Դավթյանը նկատում է՝ կա իրազեկվածության խնդիր, չգիտեն, որ կարելի է նման ծրագրի համար դիմել:

«Դեռևս հնարավորություն ունենք ավելի շատ թվով ընտանիքների ներառելու»,-վստահեցնում է նա:

Իսկ այս ծրագրի համար չափանիշներին չհամապատասխանող ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմած մյուս ՀՀ քաղաքացիներին նախարարությունից ուղղորդում են Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն: Ըստ գերատեսչության՝ ընկերակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Ուկրաինայից ժամանած հայրենակիցներին, այդ թվում՝ իրականացնել բնակվարձի փոխհատուցում, տրամադրել առողջապահական, կրթական ոլորտներում համապատասխան աջակցություն, ինչպես նաև ներգրավել սոցիալական աշխատողներին:

Ստացված տվյալներով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Միգրացիոն ծառայություն կամ գործընկեր կազմակերպություններ է ուղղորդվել նախարարություն դիմած (զանգ և էլեկտրոնային դիմում) շուրջ 50 քաղաքացի։ (Հեղ.-հարցման պատասխանը ստանալուց հետո թիվը կարող է փոփոխված լինել):

Նախարարությունից հավելում են՝ քաղաքացիները կարող են ցանկացած հարցի դեպքում շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։ 

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]