Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դեպի Լոռվա հրաշք բնություն. «Ոստանի» գյուղական հանգստի գոտին հունիսի 1-ից դռները կբացի հյուրերի առաջ

Դեպի Լոռվա հրաշք բնություն. «Ոստանի»  գյուղական հանգստի գոտին հունիսի 1-ից 
դռները կբացի հյուրերի առաջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթնանալ և անմիջապես շնչել Լոռվա հրաշք մաքուր օդը, վայելել տեղական էկոլոգիապես մաքուր մթերքները՝ բնական և տնական. ահա սա է ձեզ սպասվում «Ոստանի» գյուղական հանգստյան գոտում: Վանաձոր քաղաքում ծնված և մեծացած Հենրիկ Մխիթարյանը և իր ընտանիքը ջանք չեն խնայել Լոռվա հրաշք բնության գրկում մի վայր ստեղծելու համար, որտեղ զբոսաշրջիկները հաճելին  կհամատեղեն օգտակարի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հենրիկը պատմեց, որ գաղափարը ծնվել է մոտավորապես 4-5 տարի առաջ, սակայն սկսել են իրականացնել 2021 թվականից:

«Իրականում մոտ 5-6 տարի առաջ մտածում էի, որ ավելի մեծ տարիքում այսպիսի մի տեղ եմ ընտրելու աշխարհից կտրված, գնամ այդտեղ ապրեմ, հետո որոշեցի, որ ավելի լավ է չսպասեմ ու այս պահից սկսեմ: Իրականում քաղաքի աշխուժությունը, շարժը այնքան էլ չեմ սիրում, դրա համար էլ ընտրել եմ այնպիսի տեղ, որտեղ շարժը քիչ լինի, մարդիկ քիչ լինեն  ու կարևորը՝ բնությունը լինի: Այսպես ընտրեցինք վայրը ու սկսեցինք աշխատանքները: Ու կա նպատակ, որ հիմնական տեղափոխվեմ և բնակություն հաստատեմ այստեղ»,-ասաց Հենրիկ Մխիթարյանը:

«Ոստանի» գյուղական հանգստյան գոտին գտնվում է Լոռու մարզի Հալավար համայնքում: Աշխատանքների մեծ մասը արդեն արված են և հունիսի 1-ից «Ոստանի» գյուղական հանգստյան գոտին արդեն կընդունի իր առաջին հյուրերին:

«Մեր հյուրերին սպասում ենք սիրով և առաջարկելու ենք քայլարշավներ, վրանային և էկո-տնակային գիշերակաց, մեղրաքամի մասնակցություն, ապիթերապիա, ջիփինգ, ձիարշավ աստղադիտում և այլն: Նախատեսում ենք նաև մի շարք տուրեր տարածաշրջանի տեսարժան վայրեր: Նաև ստեղծելու ենք  պայմաններ գյուղացիների արտադրած մթերքների վաճառքի համար, ինչպես նաև կազմակերպվում է վայրի բույսերի հավաք, այգեքաղ, դրանցից պատրաստած ուտեստների, հյութերի և չրերի համտես և վաճառք,-ասում է Մխիթարյանը: 

Հենրիկն ընդգծեց, որ  նպատակը միայն պարզապես հանգստյան գոտի կառուցելը չէր, այլ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելը, ինչպես նաև նախագծի շնորհիվ համայնքի զարգացմանը նպաստելը և մի շարք սոցիալական խնդիրների լուծելը: Այն ապահովում է բնակիչների զբաղվածությունը՝ լուծելով սոցիալական ապահովության խնդիր, միաժամանակ ուղղում է համագյուղացիների ներուժը համայնքի զարգացման գործին:

«Պետք է ասեմ, որ էկոտուրիզմը զարգացնելու համար մեր երկրի ներուժը շատ մեծ է, և մենք առաջարկելու շատ բան ունենք: Իսկ այսօր էկոտուրիզմը կարելի է ասել  արագ զարգանում է՝ շրջանցելով տեսարժան վայրերի հետ ծանոթացնող սովորական տուրերին: Էկոտուրերը տարբերվում են նրանով, որ ծանոթացնում են զբոսաշրջիկներին ոչ թե տեսարժան վայրերի հետ, այլ Հայաստանի բնության հետ, առաջարկում են հանգստանալ գյուղական վայրերում, որտեղ օգտագործվում են միայն էկոլոգիապես մաքուր մթերքներ և ամեն ինչը բնական է և տնական»,-ասաց Մխիթարյանը:

«Ոստանի» գյուղական հանգստյան գոտու ստեղծման գաղափարը իրականություն է դարձել Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Սոցիալական ձեռներեցության, էկոհամակարգի զարգացում սահմանամերձ բնակավայրերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում։

Հայաստանում ծրագրի ազգային համակարգող, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Վերդյանն էլ վստահ է, որ Հենրիկը իր օրինակով կվարակի շատ ու շատ երիտասարդների, ովքեր, ճիշտ գնահատելով մեր երկրի հնարավորությունները, կզարգացնեն համայնքները՝ դրանք դարձնելով  Հայաստանի այցեքարտը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]