Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելն Ալիևի հետ եռակողմ բանակցությունների արդյունավետության հույս են հայտնել

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելն Ալիևի հետ եռակողմ բանակցությունների արդյունավետության հույս են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են մայիսի 22-ին նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]