Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Պատմության թանգարանի ուժը կցուցադրվի պատմական զենքերով

Պատմության թանգարանի ուժը կցուցադրվի պատմական զենքերով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում,  նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ: «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը այս տարի տեղի կունենա մայիսի 21-ին, այսինքն՝ այսօր: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ:

-Ի՞նչ ցուցադրություն եք պատրաստել Պատմության թանգարանի այցելուների համար:

-Նախ նշեմ, որ արդեն երկար ժամանակ մեզանում թանգարանների միջազգային օրը երբեմն համընկնում է, երբեմն մի քանի օր տարբերությամբ միացվում է համաեվրոպական թանգարանային գիշեր ակցիային, որին ամեն տարի հայաստանյան նոր թանգարաններ են միանում: Ցավոք, նախորդ տարի համավարակի պատճառով թանգարանները ստիպված էին առցանց միջոցառումներով օրը նշանավորել:

Հայաստանի պատմության թանգարանը այս տարի դեռեւս հունվարից իր միջոցառումները սկսեց մեզ համար շատ նվիրական, հոբելյանական կետից՝ ՀՀ զինված ուժերի 30-ամյակի հոբելյանական տարեթվի նշանավորումից: Այս առիթով թանգարանի շենքի դիմահայաց հատվածում բացեցինք պաստառային ցուցահանդես: Հոբելյանական միջոցառումների շրջանակում որոշեցինք ի ցույց դնել թանգարանի արժեքավոր հավաքածուներից մեկը՝ զենքերի մեր ընտրանին: Թանգարանների միջազգային օրվա խորհուրդը՝ թանգարանների ուժն է, եւ այս առումով շատ դիպուկ էր Հայոց բանակի եւ այս խորագրի համադրումը:

Զենքի հավաքածուն հանրությանը ներկայացված է որպես մեր պայքարի խորհրդանիշ, որովհետեւ պայքարը մեր էպոսից ուղեկցում է մեզ, եւ դրա խորհրդանիշը հենց զենքն է: Մենք ունենք շատ հետաքրքիր հավաքածու, որը խորհրդանշական բնույթ ունի, դրանք անվանական զենքերն են: Հանրության այսօր կցուցադրենք հնագիտական շրջանի, ազգագրական, նաեւ մեր զորավարների հուշային զենքերը:

Անձնական զենքեր, նվիրատվություններ

Ամենանշանավորը զորավար Անդրանիկին եգիպտահայերի կողմից նվիրած զենքն է, որը շատ հետաքրքիր նախապատմություն ունի: Այն բավականին շքեղ զենք է՝ իր արձանագրություններով, իր ձեւավորմամբ, որը թանգարանի ամենախորհրդանշական նմուշներից մեկն է համարվում: Նշեմ, որ այս զենքը ցուցադրված էր նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ:

Այդ օրերին մենք մի կարճ ցուցահանդես ունեցանք զորավարների սրերի: Ցուցադրելու ենք նաեւ գեներալ Կոմանդոսի կողմից թանգարանին նվիրած հետաքրքիր մի անվանական նվեր, որը նա տվեց պատերազմի օրերին: Ինձ համար մեծ պատիվ էր գեներալից ստանալ այդ զենքը: Կցուցադրվի նաեւ Մարշալ Բաղրամյանի սուրը, որը նվիրաբերվել է մեր թանգարանին: Շատ խորհրդանշական զենքեր կան նաեւ այլ մշակույթներին պատկանող, որոնք ինչ-ինչ պայմաններում հայտնվել են հայ անվանի գործիչների մոտ, որպես նվեր, որպես խորհրդանիշ: Այստեղ կտեսնեք ճապոնական զենքեր, ֆրանսիական եւ այլն:

Այլ թանգարանների հետ համագործակցություն

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, Երեւանի պատմության թանգարանից եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից եւս կլինեն ցուցանմուշներ: Թանգարանային համագործակցություն կա:  Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի այս տարվա թանգարանային գիշեր միջոցառումը: Մենք ունենալու ենք նաեւ համերգ՝ զինվորականների մասնակցությամբ, այնպես որ սիրով կսպասենք մեր այցելուներին:

Լիանա Սարգսյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]