1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել արտաքին ու ներքին մարտահրավերների 
վերաբերյալ հայտարարությամբ

ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հայտարարությամբ անդրադարձել է 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռից, Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությամբ արձանագրում է.

- Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի և Արցախի սահմաններին, թիրախավորում նաև խաղաղ բնակչությանը, շարունակում է պահել ռազմագերիներին, իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ոչնչացնում և յուրացնում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը,

- Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա,

- Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա,

- Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը, խիստ մտահոգված ստեղծված բարդագույն իրավիճակով, հայրենիքում տեղ գտնող ներքաղաքական զարգացումներով և ապավինելով Բարձրյալ Տիրոջ ողորմությանը և մեր ժողովրդի իմաստությանը, հորդորում է՝

- Առաջնային նկատել ազգային և պետական շահը, գործել խղճի մտոք և պատասխանատվությամբ, խնդիրների արժանապատիվ լուծումները փնտրել բացառապես մեր համընդհանուր կամարտահայտման ու համախոհության մեջ,

- Հայրենիքում, թե սփյուռքում ամենայն ջանք ի գործ դնել զորացնելու մեր ազգային միաբանությունը՝ վերացնելով պառակտող հատվածականությունը, լծվելու հայրենիքի հզորացմանը, միջազգային հարթակներում և ամենուր հետևողականորեն բարձրաձայնելու մեր ժողովրդի իրավունքների ոտնահարման մասին, հետամուտ լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հատուցմանը, պայքարելու հանուն մեր ինքնության ու հոգևոր-ազգային արժեքների պահպանության,

- Ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հավաքներին, անկախ քաղաքական հայացքներից կամ պաշտոնական գործառույթներից, դրսևորել հանդուրժողականություն, օրինապահություն, հարգանք միմյանց իրավունքների նկատմամբ՝ բացառելով որևէ տեսակի բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք և օրինախախտություն։ Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել»։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում հավատավոր մեր աշխարհասփյուռ ժողովրդին շարունակել աջակից ու սատար լինել Արցախի մեր քույրերին և եղբայրներին և պատրաստակամ հանձնառություններով նպաստ ու ներդրում բերել Արցախի Հանրապետության զորացմանը, խաղաղ ու ապահով կյանքին։

«Աղոթում ենք մեր երկրի խաղաղության ու առաջընթացի համար և հայցում Բարձրյալն Աստուծո օրհնությունն ու զորակցությունը մեր ժողովրդին։

Թող հայրենիքի համար աղոթքը մշտահունչ լինի մեր ազգի զավակների շուրթերին»,- ասված է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]