Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ վարչապետն ու Լիտվայի նախագահն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո

ՀՀ վարչապետն ու Լիտվայի նախագահն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման 
անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանում և ձեր այցը մեր երկիր։ Ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Լիտվա, որով մենք սկսեցինք շատ կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի։ Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք այս այցը ծառայեցնել մեր երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Ձեզ մեր երկրում պաշտոնական այցով հյուրընկալելը շատ լավ նշան է, և կարող ենք ասել, որ մեր երկկողմ այցերն ու հարաբերությունները որոշակի դինամիկա են ստացել, որը մենք պետք է պահպանենք։

Շնորհակալ եմ մեզ այցելելու, աջակցելու և հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու պատրաստակամության համար: Կարծում եմ՝ մենք կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին և միջազգային, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ և օրակարգ: Ուրախ կլինեմ լսել Ձեր գնահատականները և տեսակետները ընթացիկ իրավիճակի, մեր երկկողմ հարաբերությունների, միջազգային զարգացումների և, իհարկե, նաև մեր տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն և բարի գալուստ»:

Լիտվայի նախագահն իր հերթին նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ ընդունելության համար, որը ես զգացի բոլոր կառույցներում՝ սկսած նախագահական նստավայրից և հիմա Ձեզ մոտ՝ կառավարությունում։ Թեմաները, կարծում եմ, երկուսն են, որոնք շատ կարևոր են։ Մեկը, ինչպես Դուք նշեցիք, մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն են: Դուք հիշատակեցիք Ձեր այցը, որը շատ լավ եմ հիշում՝ նախորդ աշնանը Վիլնյուսում, և հիմա իմ խնդիրը, նպատակն է՝ նոր շունչ հաղորդել մեր հարաբերություններին տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում։ Սա է պատճառը, որ ես միայնակ չեմ եկել։ Ինձ հետ են ոչ միայն իմ խորհրդատուները, այլև իմ պատվիրակության մեջ նաև ներառված են տրանսպորտի և գյուղատնտեսության փոխնախարարները:

Շատ կարևոր է գտնել շուկայում այն կետերը, որտեղ իսկապես կկարողանանք աշխատել, և կարծում եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լիտվան անցում է կատարում ավելի բարձր ավելացված արժեք ունեցող տնտեսության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ կլինեն, օրինակ՝ կենսատեխնոլոգիաներ, ֆինանսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, որոնք մեր երկրում շատ արագ են զարգանում ու գնալով մեծ տոկոս են կազմում ՀՆԱ-ում»:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիտվայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինչին ի պատասխան Գիտանաս Նաուսեդան վերահաստատել է Լիտվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ՀՀ ժողովրդավարական ուղուն և կառավարության բարեփոխումների օրակարգին: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը տնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային ոլորտներում խորացնելու  պատրաստակամությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի ու զարգացումների շուրջ:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել՝ Հայաստանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:  

Գիտանաս Նաուսեդան նշել է, որ խաղաղությունը, կայունությունը և տնտեսական աճը համատեղ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի երկրների, Լիտվայի և Եվրոպական միության համար, և Լիտվան կշարունակի իր նպաստը բերել տարածաշրջանային երկխոսության կայացմանը, կայունությանն ու բարգավաճմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ պատրաստակամության համար և նաև բարձր գնահատել ԵՄ-ի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը և այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է ժողովրդավարության դերը անվտանգային մարտահրավերների սպասարկման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ոլորտային բարեփոխումների հաջողման, տնտեսական աճի ապահովման գործում: Լիտվայի նախագահը նշել է, որ իր երկիրն ունի կուտակած որոշակի փորձ և պատրաստ է կիսվել Հայաստանի հետ, փոխանակվել տեղեկատվությամբ: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ առաջարկը և նշել, որ ՀՀ-ն կարևորում է զարգացման հաջող ընթացք ունեցող երկրների փորձի ուսումնասիրությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]