Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զորամասերում Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգները ընդունվել են խանդավառությամբ

Զորամասերում Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգները ընդունվել 
են խանդավառությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ համերգներով հանդես է եկել Հայաստանի մի քանի զորամասերում՝ զինծառայողներին հնարավորություն տալով ունկնդրելու Կոմիտասի ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Մլքեյանը նշում է՝ համերգներն անցկացվել են Վարդենիսում, Ճամբարակում, Բերդում, Իջևանում, Դիլիջանում:

«Ցանկացանք անել հնարավորը, որ մեր երիտասարդությունն այս ծանր օրերին խանդավառվի, պայծառանա, դրական երաժշտություն ունկնդրի: Պարզ է՝ Կոմիտաս վայելելն արդեն հրաշալի է: Դժվար է նկարագրել այն ոգևորությունը, որը եղել է համերգների ժամանակ: Ե՛վ զինծառայողները, և՛ երգչախումբը մեծ բավականություն են ստացել: Երգչախմբի համար մշակել եմ հանրահայտ «Մարտիկի երգը»: Ամեն անգամ այն կատարելիս հսկայական հուզական ալիք էր ստեղծվում: Զինվորները ոտքի էին կանգնում, րոպեներ շարունակ ծափահարում, և դժվարանում էինք շարունակել համերգը: Չէի պատկերացնում, որ այդքան հրաշալի արձագանք կլինի: Բոլորը հերոս տղաներ են»,- պատմում է Մլքեյանը:

Նրա խոսքով՝ զինվորները շատ կարգապահ են եղել, համերգներն ունկնդրել են առանց շշուկի և ուշադրությամբ, իսկ ծափերը անդադար են հնչել:

«Գալով Երևան՝ հասկացանք, որ այս նախաձեռնությունը պետք է շարունակական լինի, սակայն կրկնելու համար ֆինանսական աջակցություն է հարկավոր: «Երգչախումբը սեփական միջոցներով է մեկնել զորամասեր, բայց այլևս չենք կարողանա, եթե մասնավոր հովանավորները ձեռք չմեկնեն: Ցանկանում ենք համերգներով հանդես գալ Կապանում, Մեղրիում, Գորիսում»,- եզրափակում է Մլքեյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, այժմ վարժարանի ռազմական մասի ղեկավար Ալեքսան Մինասյանն էլ նշում է՝ նմանատիպ համերգներ վարժարանում հաճախ չեն անցկացվում: Վարժարանի սաները շատ են ոգևորվել: «Մեզ մոտ 15-18 տարեկան տղաներ են սովորում, սաներ, որոնք դեռ զինվորներ չեն, բայց ապագա սպաներ են»,-շեշտում է նա:

Մինասյանը խոստովանում է՝ հետաքրքիր է եղել այն փաստը, որ երգչախումբը ժողովրդական երգերը զուգակցել է ջազային տարրերով, ինչն էլ շատ ժամանակակից է դարձրել յուրաքանչյուր կատարում: «Անգամ էստրադային և այլ երաժշտության երկրպագու սաները մեծ հաճույքով ունկնդրեցին երգչախմբի բոլոր կատարումները, որոնք փայլուն էին,-ընդգծում է Մինասյանը:- Համերգն ունկնդրելուց հետո զինվորներն ինձ ասում էին՝ հիմա նոր ենք հասկանում, թե ինչ է հայրենիքին ծառայելը, հայրենիքը միայն խոսքով չէ, այլ ահա այս երաժշտությամբ է նաև»:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 2000 թվականին՝ «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ, այնուհետև վերանվանվել է Հայաստանի պետական կամերային երգչախումբ՝ ՀՀ մշակույթի նախարարության կազմում: Երգչախումբը ելույթներ է ունեցել Անգլիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում: 2007-ին հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում: Երգացանկն ընդգրկում է համաշխարհային, եվրոպական և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երգչախումբը հայ կոմպոզիտորների գործերի նվիրյալ տարածողն է: Թողարկվել են խտասալիկներ` այդ թվում Տ. Մանսուրյանի ARS POETICA երգչախմբային կոնցերտի ձայնագրությամբ (,,ECM Records”): Երգչախումբը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոնների:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]