Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն. Գիտանաս Նաուսեդա

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն. 
Գիտանաս Նաուսեդա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ժամանակ:

Սա Լիտվայի նախագահի առաջին այցելությունն է Հայաստան: Նա նշեց՝ տպավորված է հյուրընկալությամբ: Նաուսեդան  հիշեցրեց՝ 1991 թվականին Լիտվան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը:

«Այդ ժամանակից առ այսօր մենք օժանդակել ենք ձեր ջանքերին, ինչպես նաև ժողովրդավարական արժեքներին ձեր անցումին: Լիտվան օժանդակում է Արևելյան գործընկերության ծրագրերին: Լիտվան օժանդակում է Հայաստանի ինտեգրմանը եվրոպական ընտանիքին»,- ասաց Նաուսեդան՝ հավելելով, որ իրենք ՀՀ-ԵՄ հարաբերություններում լայն շրջանակ են ներկայացնում:

Լիտվայի նախագահը ողջունեց Հայաստանի կառավարության ջանքերը հատկապես արդարադատության համակարգում: «Մենք ցանկանում ենք, որ դուք շարունակեք ժողովրդավարության այս ճանապարհը, որ կհանգեցնի ձեր սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասաց նա:

Նաուսեդան անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցին: «Լիտվան օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն»,-ասաց Լիտվայի նախագահը՝ ընդգծելով, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ջանքերը նույնպես  ուղղված են դրան:

Նա նշեց, որ առավոտյան հնարավորություն է ունեցել ծաղիկներ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: «Սա մի բան է, որը երբևիցե ոչ մի ձևով այս երկրագնդի վրա չպետք է կրկնվի»,- նշեց Նաուսեդան:

Նա անդրադարձավ նաև Ուկրաինայի իրավիճակին: Նա ընդգծեց, որ ազատությունը ողջ ժողովրդավարական աշխարհի համար չափազանց կարևոր է՝ հավելելով, որ ամեն ձևով պետք է օժանդակել ուկրաինացիներին:

Լիտվայի նախագահը վստահություն հայտնեց, որ իր այցելությունը կօժանդակի Հայաստանի և Լիտվայի, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը: Նա այս առումով մեծ ներուժ է տեսնում: Նաուսեդան հավատում է, որ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում՝ բիզնեսի, մշակույթի, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում կարելի է երկու կողմից էլ օգուտ ստանալ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]