Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Սերգեյ Գլազեւը ներկայացրեց Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական ֆորումի մանրամասները

Սերգեյ Գլազեւը ներկայացրեց Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական 
ֆորումի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական առաջին ֆորումը, որը նվիրված է լինելու եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա զարգացման խնդիրներին եւ ԵԱՏՄ-ում ընդհանուր տնտեսական զարգացման թարմացված առաջնահերթություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ» մուլտիմեդիա կենտրոնում «Ինչպե՞ս դիմակայել ԵԱՏՄ-ի առջև ծառացած աշխարհատնտեսական մարտահրավերներին» թեմայով կազմակերպված Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազեւը, որը նաև «Եվրասիական տնտեսական ֆորում 2022»-ի ծրագրային կոմիտեի ղեկավարն է:

Գլազեւի խոսքով՝ ֆորումը պետք է տեղի ունենար դեռ երկու տարի առաջ, սակայն այն հետաձգվում էր կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով, եւ այժմ, երբ սահմանափակումները մեծամասամբ հանվել են, հնարավորություն է ստեղծվել քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության բարելավման առանցքային հիմնախնդիրները:

«Այժմ, երբ մենք բոլորս ադապտացվել ենք եւ սահմանափակումները մեծամասամբ հանվել են, վերջապես հնարավորություն է ստեղծվել հավաքվելու եւ քննարկելու եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը գործարար շրջանակների, գիտական հանրության, փորձագետների հետ եւ մտածելու մեր ընդհանուր տնտեսական զարգացման թարմացված առաջնահերթությունների մասին», - նշեց Սերգեյ Գլազեւը:

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսվում է առանձին բաժիններով քննարկել բազմաթիվ կարևոր թեմաներ: Համաժողովի առաջին սեկցիան նվիրված է 2020 թ. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատված փաստաթղթի՝ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարության կատարման ընթացքին:

Ըստ Գլազեւի՝ մինչև 2025 թ. հաշվարկված փաստաթղթի կատարման արդյունավետությունը շատ բարձր է, նախորդ տարի իրականացվել է մոտ 100 միջոցառում, իսկ ընթացիկ տարին առանցքային է ռազմավարությունը հաջողությամբ պսակելու համար:

«Առավելագույն թվով միջոցառումներ են նախատեսված հենց այս տարի, եւ ճիշտ ժամանակն է մտածելու հաջորդ քայլի մասին», - հավելեց պաշտոնյան:

Ֆորումի առաջին սեկցիան կրելու է «Ռազմավարություն 2025. ձևավորելով ապագայի տեսլականը. ԵԱՏՄ-ում համագործակցության նոր ոլորտներն ու ուղղությունները» խորագիրը:

Համաժողովի շրջանակներում քննարկվելու են նաև ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը, արդյունաբերական համագործակցության եւ ագրոարդյունաբերական համալիրի հիմնական ուղղությունները, այդ թվում՝ ագրոարդյունաբերական համալիրի թվային արդիականացումը, տեխնիկական կարգավորման հարցը, տրանսպորտային հաղորդակցության բարելավումը ԵԱՏՄ երկրների միջև, էներգետիկ միջանցքները, թվային զարգացումը, պետգնումների եւ հակամոնոպոլային կարգավորումների հարցերը, միասնական արժութային տարածություն ստեղծելու հայեցակարգը, փոխադարձ առևտրում եւ միջպետական հարաբերություններում ազգային արժույթներին անցնելու հարցը:

«Եվրասիական տնտեսական ֆորում 2022»-ին կմասնակցեն նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]