Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վահրամ Դումանյանն ու Հայաստանում Սերբիայի դեսպանը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Վահրամ Դումանյանն ու Հայաստանում Սերբիայի դեսպանը քննարկել են երկու 
երկրների համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանը փաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Սերբիայի հետ:

Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը ներառում է բազմազան և ընդգրկուն մի շարք ոլորտներ, հետևաբար գերատեսչության գործունեությունն առնչվում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր անձի և ընտանիքի:

Վահրամ Դումանյանը կարևորել է, որ երկու կողմերի մոտ առկա է պատրաստակամություն՝ ընդլայնելու համագործակցությունը, և առաջարկել է դիտարկել Սերբիայի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությունը: Նա շեշտել է, որ հայագիտական կենտրոններ են գործում մի շարք պետություններում: Դեսպանը ողջունել է այդ առաջարկը և նույնպես կարևորել նմանօրինակ նախաձեռնության իրագործման հնարավորությունը: 

Տատյանա Պանայոտովիչն իր հերթին հավաստիացրել է, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Դեսպանի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Սերբիան ունի բավականին մեծ փորձ, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցությամբ այդ երկրի միջնադարյան հուշարձանները տարբեր հարձակումներից պաշտպանելու տեսանկյունից:

Տատյանա Պանայոտովիչն առաջարկել է համագործակցել նաև թարգմանչական, հրատարակչության և կինեմատոգրաֆիայի ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ Ուջան գյուղում անցկացվող «Ծիրանի ծառ» ֆիլմերի փառատոնի ընթացքում այս տարի կայանալու է սերբական ֆիլմերի ցուցադրության օր:

Դեսպանը նաև գոհունակությամբ փաստել է, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում նախատեսվում է բացել սերբերենի ուսումնասիրության ամբիոն: Նրա խոսքով՝ «Աշխարհը Սերբիայում» ծրագրի շրջանակում երկու հայ ուսանողներ կարող են կրթություն ստանալ Սերբիայի բուհերում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրման, համատեղ այլ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր:


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]