Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Գյումրիի Բարեկամության այգու Վերնիսաժի տաղավարների կառուցումը մեկնարկել է

Գյումրիի Բարեկամության այգու Վերնիսաժի տաղավարների կառուցումը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի ներկայացուցիչները մայիսի 19-ին այցելել են Գյումրի՝ ծանոթանալու Բարեկամության այգու Վերնիսաժի տաղավարների կառուցման աշխատանքներին և զբոսայգում ընթացող շինարարությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի հանրային կապերի բաժնից, հյուրերն այցելել են Գյումրիի «Տեխնոսիթի» ընկերության արհեստանոց, որտեղ և ստեղծվում են այգու կարևոր բաղադրիչներից մեկի՝ Վերնիսաժի տաղավարները։  

Զբոսայգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-պետական համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման մոդել Գյումրիում։    

ITTD ծրագիրը միացել է Բարեկամության այգու վերակառուցման ծրագրին 2021 թ.-ին։ Դրամաշնորհային այս ծրագրի շրջանակում այգում կառուցվելու է սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր և Վերնիսաժի 25 տաղավարներ։  

«ԵՄ-ն ուրախ է աջակցել այս նախագծին։ Վստահ ենք, որ այն կդառնա հիասքանչ Գյումրիում ամենաայցելվող վայրերից մեկը: Տեղեկացանք, որ վերակառուցված Բարեկամության այգին աշխատելու է ամբողջ տարին։ Սա ևս մեկ լրացուցիչ խթան է զբոսաշրջիկների համար՝ այցելելու Գյումրի տարվա ցանկացած եղանակին»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը:

ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն էլ ասել է.

«Մենք ուրախ ենք աջակցել Գյումրիի Բարեկամության այգու նախագծին, քանի որ կարծում ենք՝ այն շրջադարձային կլինի Գյումրիում զբոսաշրջության աճի համար և կլինի հիանալի ժամանակակից կանաչ այգի գյումրեցիների համար: Սա յուրահատուկ նվեր է այս պատմական քաղաքին»:

Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Տաղավարները կարող են ձևափոխվել փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով և գունային համադրությամբ հիշեցնում են հայկական ազգային կարպետ: Մոդուլները կարող են նաև ձևափոխվել՝ ստանալով ալիքաձև, գծային կամ շրջանաձև դասավորություն։ Վերնիսաժի տաղավարների ճարտարապետական դիզայնը մշակել է IND Architects բյուրոն, որը 2020 թ.-ին հաղթող ճանաչվեց TUF հիմնադրամի կողմից հայտարարած այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթում։

«Հաշվի առնելով Գյումրիի եղանակային պայմանները և խստաշունչ ձմեռները, Վերնիսաժի տաղավարները լինելու են ֆունկցիոնալ՝ տարվա բոլոր եղանակներին։ Տաղավարներում կցուցադրվեն թե՛ Գյումրիի, թե՛ Հայաստանի տարբեր մարզերի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ և արվեստի գործեր։ Վերնիսաժում կանցկացվեն նաև արվեստների ու արհեստների վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ»,-ասում է TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։  

Այցի շրջանակում հյուրերը շրջել են նաև Բարեկամության այգու տարածքում և տեղում ծանոթացել ընթացիկ շինաշխատանքներին։

Այս փուլով այգում ընթանում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, լուսավորության և հիմնական ճեմուղիների կառուցման աշխատանքներ, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար։ Զբոսայգու որոշ օբյեկտների շինարարությունը, այդ թվում՝ Վերնիսաժի 25 տաղավարների կառուցումը, նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։

2023 թ. աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին՝ իր բոլոր օբյեկտներով։  

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]