Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Շարժունակությունը վերականգնող հայկական նորարարական «MetaGait» սարքը գտավ հասցեատիրոջը

Շարժունակությունը վերականգնող հայկական նորարարական «MetaGait» 
սարքը գտավ հասցեատիրոջը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ շարժունակությունը վերականգնող աշխարհում առաջին նորարարական «MetaGait» սարքի շնորհանդեսը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը «ՔայլՏեք» ընկերությունը ցուցադրվող սարքը նվիրեց զինհաշմանդամություն ունեցող երիտասարդներից մեկին։ 

Սարքը մի կողմից օգնում է նույնիսկ ամբողջովին անշարժացած մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա անել, մյուս կողմից՝ «VR» ակնոցի ու հատուկ մշակված խաղերի շնորհիվ բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն՝ դահուկ քշելու կամ զբոսնելու, ինչը խթանում է ուղեղում նոր նեյրոնային կապերի ստեղծմանը։

«ՔայլՏեք» ընկերության և «MetaGait» սարքի գյուտի հեղինակ Դավիթ Արսենյանի խոսքով՝ այդ սարքի նախնական տարբերակը արդեն իսկ տրամադրվել է 6 անհատների, որոնցից 5-ը 83,3%-ով գրանցել են վերականգնողական դրական դինամիկա։ Սարքը հնարավորություն է ընձեռում խուսափելու անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդություններից և հեռավար ռեաբիլիտացիա իրականացնել։

««MetaGait» սարքի նախնական տարբերակը տրամադրվել է նաև 6 վերականգնողական և մանկական զարգացման կենտրոնների, որոնցում բուժվում են և՛ զինհաշմանդամություն ունեցող տղաները, և՛ հաշմանդամություն ունեցող այլ անձինք՝ ներառյալ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները»,- նշեց Արսենյանը:

Նա շեշտեց՝ ապագա շահառուներին, ընդհանուր առմամբ, պետք է 35 սարք։ 20 սարք տրամադրվում է անհատապես 20 զինհաշմանդամի, 5-ը՝ երեխաների խնամքի 4 կենտրոնի, 10-ն էլ՝ Արցախի վերականգնողական կենտրոնին։ Մի սարքի արտադրության համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դրամ, 35 սարքի համար՝ 75 մլն դրամ` ներառյալ տեղափոխման ծախսերը:

Ծրագիրը կյանքի կոչելու համար ReArmenia-ի հարթակում մեկնարկել է դրամահավաք, որին աջակցել կարող եք գումար նվիրաբերելով (տեսեք այստեղ):

ReArmenia.com հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը վստահեցրեց, որ սարքը մեծ փոփոխությունների սկիզբ է։ Նրա համոզմամբ մարդիկ դեռ լրիվ չեն գիտակցում սարքի արժեքը։  

«Ձեռներեցները, գյուտարարները,սովորաբար ապագայի հաջողությունների մասին չեն էլ մտածում, իրենք կենտրոնանում են խնդրի լուծման վրա։ Նվիրյալ աշխատանքի արդյունքում այսպիսի հաջողությունների են հասնում։ Բանկոմատը, վարսահարդարիչը, նույնիսկ ավտոմատ աշխատող անվասայլակը էլի հայ գյուտարար է ստեղծել։ Եվ, կարծես, հաջորդ մակարդակ ենք դուրս գալիս արդեն «MetaGait» սարքով»,- նշեց Պողոսյանը։ 

Միջոցառմանը հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու «MetaGait» սարքին և փորձարկելու այն, ինչն ուղեկցվեց սարքի արդյունավետության մասին հոգեբաններ Մարիամ և Արկադի Մեհրաբյանների փորձագիտական կարծիքներով։

«Առաջին օրվանից շատ մեծ տպավորություն ենք ստացել սարքից։ Ձևավորել ենք ֆոկուս խմբեր սարքի արդյունավետությունը ստուգելու համար։ Ֆոկուս խմբերի ձևավորումն ամբողջությամբ ուղղված է «MetaGait» սարքի  հոգեբանական անվտանգության անձնագրի ստեղծմանը։ Սարքը՝ իբրև առաջին հայկական համաշխարհային բրենդերից մեկը, պետք է բոլորիս ուշադրության կենտրոնում լինի, տարածվի սփյուռքահայության շրջանում»,- նշեց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։

Արկադի Մեհրաբյանն էլ իր հերթին առանձնացրեց, որ առանց դեղորայքային միջամտության հնարավոր է ստանալ այնպիսի արդյունք, որը նույնիսկ դեղորայքով է անհնար ստանալ։ 

Շնորհանդեսի ավարտին ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը միջոցառմանը ներկա զինհաշմանդամություն ունեցող երիտասարդներից մեկին նվիրեց շարժունակությունը վերականգնող՝ աշխարհում առաջին հայկական նորարարական սարքի ցուցանմուշը։

«ՔայլՏեք» ընկերությունը 2016 թվականից զբաղվում է սեփական սարքեր նախագծելու և արտադրելու միջոցով հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց առողջության վերականգնմամբ։ 

Կարինե Տերտերյան 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]