Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

«Պոլիկլինիկաների վերակազմակերպումը բերելու է պայմանների բարելավման, օպտիմալացման խնդիր չկա». Երևանի փոխքաղաքապետ Սիմոնյան

«Պոլիկլինիկաների վերակազմակերպումը բերելու է պայմանների բարելավման, 
օպտիմալացման խնդիր չկա». Երևանի փոխքաղաքապետ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում: Դրանցից են նաև «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը միանալու է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին և թիվ 1, 5 պոլիկլինիկաներն ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունը, որոնք նախանշվում է միացնել թիվ 4 պոլիկլինիկային: Նախաձեռնության նպատակն անձամբ աշխատակիցներին ներկայացնելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ավագանու անդամների հետ այցելել է նախագծում ընդգրկված բուժհաստատություններ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

 ««Բարեփոխումները երբեմն ենթադրում են ոչ շատ հեշտ տրվող որոշումներ: Այսօր եկել ենք ձեզ հետ խոսելու այդ որոշումներից մեկի մասին: Փոքր պոլիկլինիկաները, հաշվի առնելով առողջապահության նախարարության ֆինանսավորման մեխանիզմը, գոյատևում են... Եկեք խոստովանենք, որ այս պոլիկլինիկան ևս գոյատևող է: Այս սենյակը, որտեղ մենք հիմա նստած ենք, այս պայմանները, այս գույքը իմ ասածի ամենաակնհայտ հիմնավորումներից ու ապացույցներից մեկն է: Եթե այս հիմնարկը լավ, առողջ ֆինանսական վիճակ ունենար, մենք հիմա ավելի բարվոք, ժամանակակից և ընդունելի ժողովների սրահում նստած կլինեինք»,- ասել է Գևորգ Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքր թվով բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար:

«Խոշորացումն ի՞նչ առավելություն է տալու երկու պոլիկլինիկաներին. նախ գնումների խոշորացում է տեղի ունենալու, նույն ապրանքը, որ ձեռք են բերում երկու կազմակերպություններն առանձին, կգնեն ավելի մեծ ծավալով, ինչի դիմաց ստանալու են ավելի մեծ զեղչ: Լաբորատոր բլոկը, գիտեք, ինչքան սարքը ծանրաբեռնված է, այնքան ծախսաարդյունավետ է աշխատում, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ նոր սարքեր ներգրավել և ավելի որակյալ հետազոտություններ իրականացնել: Երկու շենք պահելու համեմատ ավելի քիչ ներդրումներ են պահանջվելու: Ավելի նպատակահարմար է մեկ շենքը հիմնանորոգել և հարմարավետ պայմաններ ապահովել: Ֆինանսական առողջացումը բերելու է ոլորտների բարելավման, այդ թվում՝ աշխատավարձերի բարձրացման, ընթացիկ ծախսերի բավարարման, միանշանակ՝ ծառայությունների հասանելիության, որակի ու մատչելիության բարձրացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ երկար տարիներ աշխատել եք այստեղ, ձեզ համար լրացուցիչ անհարմարություն է տեղափոխվել մեկ այլ վայր»,- ընդգծել է փոխքաղաքապետը:

«Պետք է հասկանանք, որ մանկական բնակչությունը տուժել չի կարող: Պետք է անել այնպես, որ բոլոր պայմանները համապատասխանեցվելուց հետո մեր քայլն արդարացված լինի: Չի լինելու պնդում, որ այսպես պետք է լինի ու վերջ, որովհետև բոլորս հետապնդում ենք մի կարևոր նպատակ, որ ծառայենք մեր ազգաբնակչությանը՝ մատուցելով որակյալ ծառայություններ»,- նկատել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Երևանի թիվ 1, 4 և 5 պոլիկլինիկաներում ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունում, ի դեպ, վերջին տարիների ընթացքում առաջացել են ֆինանսական դժվարություններ, կուտակվել են պարտքեր:

«Կա երեք պոլիկլինիկա, երեքն էլ աշխատում են վնասով, երեքն էլ չեն զարգանում, ընթացիկ ներդրումներ չեն անում, անընդհատ կախված են ինչ-որ բարերարից կամ քաղաքապետարանից, որ աջակցի իրենց, բայց մենք ունենք նաև այլ օրինակներ, այլ պոլիկլինիկաներ, որոնք խոշոր են, ֆինանսապես ավելի առողջ են ու, որ կարևոր է, ինքնուրույն են, սարքավորումներ են գնում, վերանորոգում են անում, ծառայություններ են զարգացնում, որակ են ապահովում: Եթե այս երեք շենքում էլ գումարներ դնենք, հիմնանորոգենք ու հագեցնենք տեխնիկայով՝ 5-10 տարի հետո էլի խնդիրների առաջ են կանգնելու, որովհետև, եթե համարենք «օրգանիզմ», կառույցներն առողջ չեն, ավելի շատ գումարներ են ծախսում, քան եկամուտ ապահովում»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ վերակազմավորման գործում հաշվի են առնվել պոլիկլինիկաների շենքային ընդարձակ պայմանները, ընտրվել են այն կառույցները, որոնք հնարավորություն ունեն մեկ վայրում լիարժեքորեն ապահովել միավորված համաբուժարանների բնականոն աշխատանքը:


Հանդիպումների ընթացքում պոլիկլինիկաների աշխատակիցներն իրենց դժգոհությունը, մտահոգությունն ու դիտարկումներն են ներկայացրել փոխքաղաքապետին: Գևորգ Սիմոնյանը լսել է նաև հաճախորդների կարծիքները:

«Կրճատումներ չեն նախատեսվում, այսինքն այստեղ օպտիմալացման խնդիր չկա: Բոլոր աշխատակիցները պետք է իրենց աշխատանքը պահպանեն, հետագայում արդեն աշխատանքի որակը կգնահատվի, ոչ թե քանակական կրճատումներ կլինեն, այս առումով խնդիր դրված չէ»,- վստահեցրել է է Գևորգ Սիմոնյանը:

Նշվում է, որ առողջապահական բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]