Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը համերգներով, շնորհանդեսով ու ցուցադրույթներով կնշի «Թանգարանային գիշերը»

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը համերգներով, շնորհանդեսով ու ցուցադրույթներով 
կնշի «Թանգարանային գիշերը»

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մայիսի 18-ին և մայիսի 21-ին մի շարք հետաքրքիր միջոցառումներ է նախաձեռնել. կկազմակերպվեն ցուցադրույթներ, գրքի շնորհանդես, համերգ և այլ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը հիշեցրեց, որ 2022-ին լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը, որի շրջանակում արդեն մի շարք միջոցառումներ իրականացվել են, իսկ «Թանգարանների գիշերվա» շրջանակում միջմշակութային համագործակցությամբ մայիսի 18-ի երեկոյան 18:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Չարենցի ծննդյան 125-ամյակին:  Ցուցադրությանը կհաջորդի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների համերգը: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։

Մայիսի 18-ին մեկնարկելու է նաև «Չարենց. երկու հասցե» կրթական ծրագիրը, որն իրականացնում են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ: Մանուկյանը պարզաբանեց, որ հաճախ այցելուները շփոթում են թանգարանները, և ծրագիրը կնպաստի երկու թանգարանների հանրահռչակմանը: Կրթական ծրագիրը կմեկնարկի 12-ից բարձր տարիքային խմբի այցելուների համար:

«Թանգարանների գիշերը» ակցիայի շրջանակում մայիսի 21-ին 11:00-24:00-ն բաց կլինի թանգարանի մշտական ցուցադրությունը, հետո տեղի կունենա «Ճանապարհ գրքով. Չարենց-125» ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է բանաստեղծի ծննդյան օրը՝ մարտի 13-ին: Այն Չարենցի գրադարանին ծանոթանալու, բացահայտումներ անելու հնարավորություն է տալիս: 

Տուն-թանգարանի տնօրենը տեղեկացրեց՝ վերջերս Կենտրոնական բանկը թողարկել է «Եղիշե Չարենց-125» ոսկե հուշադրամը, և բանկը երկու հուշադրամ կնվիրի թանգարանին, որոնցից մեկը կներկայացվի մշտական ցուցադրությունում՝ հոբելյանական անկյունում, իսկ մյուսը կհամալրի ֆոնդային պահոցը:

Նախատեսվում է նաև «Տաղարանական էսքիզներ» գրական-երաժշտական երեկո Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Օպերային պատրաստման ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ մինչ այդ տեղի կունենա  «Տաղարան» գրքի շնորհանդեսը, որը Չարենցը նվիրել է իր առաջին կնոջը՝ Արփենիկին:

Նախատեսվում է ցուցադրել նաև ռեժիսոր Գոռ Մարգարյանի «Ամբոխները խելագարված» բեմադրությունը, որի պրեմիերան արդեն եղել է, և այն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Այն յուրօրինակ ներկայացում է՝ բեմադրված թանգարանի երկու հարկերում: 

Երեկոն Չարենցի տուն-թանգարանում կավարտվի PROJECT LA-ի համերգով, որի մենակատարներից է Գոռ Սուջյանը: Կհնչի Չարենցի պոեզիայի հիման վրա ստեղծված մի քանի երգ, և թանգարանի աշխատակիցները կպատմեն յուրաքանչյուր բանաստեղծության մասին:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

«Թանգարանների գիշերն» առաջին անգամ անցկացվել է Բեռլինում 1997 թվականին:

Միջոցառումը լավ է ընդունվել, իսկ մասնակից հաստատությունների թիվը կտրուկ աճել է: Նախաձեռնությունն անցկացվել է Եվրոպայի ավելի քան 120 քաղաքում, ինչպես նաև Արգենտինայում և Ֆիլիպիններում: «Թանգարանների գիշերվա» ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]