Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Թանգարանների միջազգային օրվա տոնական ծրագրերին կմասնակցեն Հայաստանի և Արցախի 125 մշակութային հաստատություններ

Թանգարանների միջազգային օրվա տոնական ծրագրերին կմասնակցեն Հայաստանի և 
Արցախի 125 մշակութային հաստատություններ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Հայաստանի և Արցախի 125 թանգարաններում բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Արմենպրես»-ը հաղորդմամբ՝ մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիան՝ մայիսի 21-ին: Այդ օրերին թանգարանների մուտքն անվճար է:

«Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը որպես նոր գիտելիքներով հարստանալու, ազգային արժեքներին հաղորդակցվելու, ստեղծագործական ներշնչանքի կենտրոններ: Շուրջ երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է համաեվրոպական նախաձեռնությանը: Տոնի շրջանակում թանգարանները պատրաստել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ 122 մշտական և ժամանակավոր ցուցադրույթներ, 30 կրթական, մոտ 40  համերգային և 124 մշակութային ծրագրեր»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Անդրադառնալով 2021 թվականին թանգարանների ոլորտում կատարած աշխատանքին՝ Քոչարյանն ընդգծեց, որ նախարարության ենթակայության տակ գործող թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի, ընդունել են 210 հազար աշակերտի, ֆոնդերը համալրել են 10 հազարից ավելի նմուշներով, պատրաստել են 2000-ից ավելի գիտակրթական ծրագրեր: Այդ ժամանակահատվածում մոտ 1 մլրդ դրամ պետական բյուջեից տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգերի արդիականացմանը:

«Այս ոլորտում նաև տրամադրվում են դրամաշնորհներ տարբեր կրթական, մշակութային ծրագրերի, ցուցադրույթների և այլ միջոցառումների կազմակերպման համար: 2022-ին պետական բյուջեից ֆիքսված 50 մլն դրամ է ուղղվել նման ծրագրերի իրագործմանը: Մինչև հունիսի 3-ը դրամաշնորհներին դիմելու հայտերը բաց են»,-հայտնեց փոխնախարարը:

Խոսելով թանգարանների հիմնական խնդիրներից՝ Քոչարյանը խոստովանեց, որ դրանք շատ են, սակայն հատկապես հրատապ է միասնական տոմսային տնտեսության արդիականացման հարցը, որն այցելուներին հնարավորություն կտա առցանց ձեռք բերել բոլոր թանգարանների տոմսերը: «Կարևոր է նաև թանգարանները վերականգնելու, վերանորոգելու, արդիականացնելու և 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը: Ակնհայտ են նաև կադրային, աշխատավարձերի բարձրացման և այլ խնդիրներ, որոնք հերթով լուծելու ենք»,-շեշտեց Ալֆրեդ Քոչարյանը՝ տոնի առթիվ շնորհավորելով թանգարանային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:

Խոսելով Թանգարանների միջազգային օրվա «Թանգարանների ուժը» խորագրի մասին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը նշեց, որ այն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում,  նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:

«Կարծում եմ՝ սա հատկապես կարևոր է հետքովիդյան շրջանում, երբ թանգարանները նորովի բացահայտեցին իրենց ներուժը, և թվային տեխնոլոգիաների ներդրումն ու արդիականացումն ասես հրատապ դարձան, օժանդակեցին թանգարանների ուժն ու հավաքածուները բացահայտելուն»,- հավաստիացրեց Մարաբյանն ու հիշեցրեց, որ մայիսի 18-ին թանգարաններն անվճար կհյուրընկալեն այցելուներին աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 21-ին՝ 11:00-ից մինչ կեսգիշեր:

Ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]