Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Քրեակատարողական հիմնարկներում կլինեն 3 անվտանգային գոտիներ. նոր օրենսգիրքը հավանության արժանացավ

Քրեակատարողական հիմնարկներում կլինեն 3 անվտանգային գոտիներ. նոր 
օրենսգիրքը հավանության արժանացավ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա պատժի կրման անհատականացված պլանավորում»,- ասաց Սարգսյանը:

Կարանտինային բաժանմունքից հետո, եթե, օրինակ, անձը 5 տարի ժամկետով է պատիժը կրելու հիմնարկում, պետք է հստակեցվի, թե 5 տարվա ընթացքում նախնական պլանավորմամբ ինչպիսի աշխատանք է հիմնարկը տեսնում՝ նրա հետ տանելու տեսանկյունից, որպեսզի հստակ լինի, թե ինչպիսի ռեսուրս, ներուժ պետք է ներդրվի տվյալ դատապարտյալի վերասոցիալականացման աշխատանքներում: «Եվ, ի վերջո, նաև դատապարտյալի համար էլ պարզ լինի, թե քրեակատարողական հիմնարկն իր վրա ինչպիսի ներգործություն պետք է ունենա, որպեսզի արդյունքում չունենանք կրկնահանցագործության ռիսկեր»,- ասաց փոխնախարարը:

Կարանտինային բաժանմունքից սկսած դատապարտյալի հետ զբաղվող աշխատանքներում ներգրավվելու է վերասոցիալականացման հանձնաժողով:

Անդրադառնալով անհատական պլանավորման գաղափարին՝ նա ասաց. «Եթե, ենթադրենք  պատժի կրման շրջանակում անձը լավ վարքագիծ է դրսևորում, անհատական մակարդակով այդ լավ վարքագիծը հաշվի առնելով՝ նրա իրավունքների ծավալը շատ ավելի մեծ է լինում, քան այն դատապարտյալների մոտ, որոնք, օրինակ, դրսևորում են բացասական վարքագիծ»,-ասաց Սարգսյանը:

Ըստ փոխնախարարի՝ նախագծով նախատեսվում է, որ այլևս չեն լինելու խորհրդային տարիներից եկած, արհեստականորեն բաժանված ուղղիչ հիմնարկների տեսակները: «Ուղղիչ հիմնարկ» եզրույթը չի օգտագործվելու նոր օրենսգրքով: «Չեն լինելու այլևս բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ: Այս բոլոր արհեստական տարանջատված ռեժիմների փոխարեն կունենանք երեք հիմնական գոտի՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի»,- ասաց նա:

Օրինակ՝ եթե անձը կատարել է  ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործություն, ապա սկզբնական շրջանում նա ցածր անվտանգային գոտում պատիժ կկրի: Եթե անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, սկզբնական բաշխմամբ միջին անվտանգային գոտի է գնում: Եթե, օրինակ, կան ցմահ ազատազրկման դատապարտման դեպքեր, այդ դեպքում ելակետային գոտին բարձր անվտանգային գոտին է: Հետագայում վերասոցիալականացման հանձնաժողովը կգնահատի դատապարտյալի վարքագիծը՝ հասկանալու անձը, իրո՞ք, հավակնում է պատիժ կրելու, օրինակ, ավելի մեղմ անվտանգային գոտում, թե ոչ:

Օրենսգրքի մակարդակով հստակ ֆիքսվում են բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող երաշխիքները դատապարտյալի համար: Առանձին կետով նաև անդրադարձ է կատարվում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների դեպքերի արձանագրմանը: Առկա պրակտիկան այնպես է, որ, եթե դատապարտյալը նշում է, որ  կա խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպք, միայն այդ դեպքում է բժիշկը պարտավոր արձանագրումը կատարել:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]