Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

ԱՀԿ-ն կրկին քննադատել է COVID-19-ի դեմ պայքարելու Չինաստանի մեթոդները

ԱՀԿ-ն կրկին քննադատել է COVID-19-ի դեմ պայքարելու Չինաստանի մեթոդները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շարունակում է քննադատել Չինաստանի կողմից COVID-19-ի դեմ պայքարը, սակայն ընդունում է, որ բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել, թե ինչպես լավագույնս վարվել հիվանդության հետ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։

«Այժմ մենք ավելի լավ գիտենք վիրուսը և ունենք ավելի արդյունավետ գործիքներ, ներառյալ պատվաստանյութերը, և հետևաբար վիրուսի դեմ պայքարը պետք է տարբերվի այն ամենից, ինչ անում էինք համաճարակի սկզբում», - ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նա կրկնել է, որ «զրոյական COVID» քաղաքականությունը, որն իրենից ենթադրում է կոշտ միջոցներ վարակն ամբողջությամբ վերացնելու համար, ներկայումս այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ վիրուսը 2019 թվականից ի վեր շատ է փոխվել։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ իրենք բազմիցս խորհուրդ են տվել Չինաստանին վերանայել կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, սակայն «պայքարի մեթոդների ընտրությունը մնում է յուրաքանչյուր երկրի վրա»։

Անցյալ շաբաթ նույնպես Գեբրիեսուսը քննադատել է «զրոյական COVID» քաղաքականությունը։ Չինաստանն անպատասխանատու է անվանել ԱՀԿ ղեկավարի հայտարարությունները՝ վստահեցնելով, որ «Չինաստանի միջոցները (կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման) գիտական են և արդյունավետ»։

Չինաստանը մնում է այն քիչ երկրներից մեկը, որն ունի «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն COVID-19-ի նկատմամբ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]