Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

ԿԳՄՍ նախարար Դումանյանը և տեղակալ Գիլոյանը հանդիպեցին բռնցքամարտի հավաքականի հետ  

ԿԳՄՍ նախարար Դումանյանը և տեղակալ Գիլոյանը հանդիպեցին բռնցքամարտի հավաքականի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպում ունեցան Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընտրանին վերջին նախապատրաստական փուլն է անցնում Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ: Նախարար Դումանյանը և նախարարի տեղակալ Գիլոյանը նախ ծանոթացան ընտրանու կազմին, որով հավաքականը կմասնակցի երևանյան մրցաշարին, այնուհետև հաջողություն մաղթեցին մարզիկներին առաջիկա մենամարտերում:

«Մենք բոլորս մեծ սպասելիքներ ունենք ձեզնից: Տեսնում ենք, թե ինչ ջանքեր եք ներդնում և ինչ փորձությունների մեջով եք անցնում Եվրոպայի առաջնությունից առաջ: Իմացեք, որ ձեզ հետ ենք նաև ռինգում»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարՎահրամ Դումանյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ բռնցքամարտիկները չպետք է լարվեն առաջնության ընթացքում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն իր խոսքում ընդգծեց` այն բռնցքամարտիկները, ովքեր չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը, հունիսին Հայաստանը կներկայացնեն Հունաստանում կայանալիք միջազգային մրցաշարում:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ: Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]