Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Տուրիստական սեզոնին ընդառաջ Քաղավիացիան ուղևորահոսքի աճ է կանխատեսում. դեպի Հռոմ և Լառնակա նոր չվերթներ կիրականացվեն

Տուրիստական սեզոնին ընդառաջ Քաղավիացիան ուղևորահոսքի աճ է կանխատեսում. 
դեպի Հռոմ և Լառնակա նոր չվերթներ կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն տուրիստական սեզոնին ընդառաջ ուղևորահոսքի աճ է կանխատեսում: «Արմենպրես»-ը նոր ուղղությունների, չվերթների, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի և այլ հարցերի շուրջ զրուցել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Խաչատրյանի հետ:

Պարոն Խաչատրյան, Ռուսաստան-Ուկրաինա զարգացումներով պայմանավորված զգալի փոփոխություններ եղան միջազգային ավիացիայի շուկայում: Պատժամիջոցների պատճառով մի շարք ավիաընկերություններ վերանայեցին իրենց գործունեությունը: Այս իրավիճակը որքանո՞վ ազդեց հայկական շուկայի վրա:

-Ռուսաստան-Ուկրաինա զարգացումներն իրենց ազդեցությունն ունեցան ինչպես միջազգային ավիացիոն շուկայի, այնպես էլ ՀՀ ավիացիոն շուկայի վրա: Մասնավորապես, ՀՀ օդանավակայաններում զգալիորեն շատացել են տարանցիկ չվերթները : ՌԴ-ից ՀՀ ժամանում են բազմաթիվ ուղևորներ, ովքեր այնուհետև հայկական կամ այլ ավիաընկերություններով ուղևորվում են այլ՝ հիմնականում եվրոպական երկրներ: Որոշ ռուսական ավիաընկերություններ ներկայումս չեն իրականացնում չվերթեր՝ պայմանավորված գործող սահմանափակումներով և իրենց օդանավերի պարկում միջազգային չվերթներում շահագործման ենթակա օդանավեր չունենալու պատճառով, որոշ ռուսական ավիաընկերություններ էլ իրենց չվերթերն իրականացնում են ավելի փոքր տարողություն ունեցող օդանավերով:

 Հայաստանը վերջապես ազգային ավիաընկերություն կունենա: Ե՞րբ է նախատեսվում  «ՖլայԱրնայի»-ի առաջին թռիչքը: Ի՞նչ կտա ավիափոխադրողը Հայաստանին:

-ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ավիաընկերությունները համարվում են հայկական ազգային փոխադրողներ: Ներկայումս ՀՀ ավիացիոն շուկայում գործում են թվով 8 հայկական փոխադրողներ: «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ (ՖլայԱրնա) ավիաընկերությունն արդեն իսկ ստացել է օդանավ շահագործողի վկայական ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից և ներկայումս ընկերությունը իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ չվերթերը մեկնարկելու ուղղությամբ:

 Շուտով մեկնարկում է տուրիստական սեզոնը: Դրան զուգահեռ մեղմացվել են  Covid-19-ի հետ կապված Հայաստան մուտք գործելու սահմանափակումները: Առաջիկայում ուղևորահոսքի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ կան:

-Արդեն իսկ ներկայացվում են ամառային նավիգացիոն շրջանի համար չարթերային չվերթների իրականացման հայտեր տարբեր տուրիստական ուղղություններով: Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին ժամանակահատվածում Covid-19 համավարակի արդյունքում գրանցվող դեպքերի նվազման միտումները , ինչպես նաև որոշակի սահմանափակումների վերանայումները՝ Կոմիտեն կանխատեսում է ուղևորահոսքի աճ:

 Այս տարվա համար նախանշվա՞ծ են արդեն նոր ուղղություններ, ինչ նոր ավիաընկերություններ են նախատեսում այս տարի մտնել հայկական շուկա:

-«Վիզ Էյր» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Լառնակա-Երևան-Լառնակա ուղղությամբ սույն թվականի հունիսի 22-ից, ինչպես նաև սույն թվականի սեպտեմբերի 5-ից նախատեսվում է իրականացնել չվերթներ Հռոմ-Երևան-Հռոմ ուղղությամբ: Կոմիտեն պարբերաբար հայտեր է ստանում մի շարք ուղղություններով չվերթների իրականացման նպատակով:

Ի՞նչ է արվել Եվրոպական միության և Հայաստանի միջև նախորդ տարի ստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շրջանակներում: Ի՞նչ  է իրենից ենթադրում միասնական ավիացիոն գոտին:

-2021 թվականի նոյեմբերի 15-ին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ-պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ Հայաստանը կազատականացնի քաղաքացիական ավիացիայի ոլորտում հարաբերությունները բոլոր ԵՄ անդամ-պետությունների հետ, կներդրվեն ԵՄ գործող չափանիշները, ինչպես նաև ավիաընկերությունների համար կապահովվեն կանխատեսելի և մրցակցային պայմաններ ավիացիոն գործունեության ծավալման համար: Հայտնում ենք նաև, որ ներկայումս ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելու գործընթացը դեռ ավարտված չէ: Համաձայնագրով նախատեսված ԵՄ չափանիշների ներդրումը ՀՀ ներպետական օրենսդրության մեջ ենթադրում է շարունակական աշխատանքների իրականացում, այն է՝գործող կարգավորումների վերանայում և համապատասխանեցում ԵՄ չափանիշներին:

Ի՞նչ նորությունների սպասենք առաջիկայում քաղավիացիայի ոլորտում:

-Կոմիտեն պարբերաբար ավիացիայի ոլորտում համապատասխան նորությունների և զարգացումների մասին հայտնում է հանրությանը ինչպես իր պաշտոնական կայքէջի, այնպես էլ ֆեյսբուքյան էջի և լրատվամիջոցների միջոցով:

 

Անի Դանիելյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]