Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Կիպրոսում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կազմակերպվել

Կիպրոսում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում մայիսի 13-ին անցկացվել է «Կիպրոս Պոնտոս Հայաստան. այլևս երբե'ք որևէ ցեղասպանության» խորագրով միջոցառում՝ նվիրված հայերի, պոնտոսի հույների, ինչպես նաև Կիպրոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Ազգային ժողովրդական ճակատ կուսակցության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը նախորդել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված վերոհիշյալ ցեղասպանություններին: Լուսանկարների ցուցահանդեսին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ հայ-կիպրական բարեկամության պուրակի հուշակոթողի մոտ:

Միջոցառման գլխավոր բանախոսն էր Ազգային Ժողովրդական Ճակատ կուսակցության նախագահ պրն. Խրիստոս Խրիստուն:

Միջոցառման պատվավոր հյուրն էր Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրականացման որոշ դրվագների, որոնք պարբերականորեն կրկնվել են հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ընթացքում ոչ միայն 1894-1923 թթ-երի ընթացքում, այլ նաև 20-րդ դարի վերջում Ադրբեջանի տարբեր քաղաքներում և Արցախում, նաև՝ 2020 թ-ին՝ Արցախում: Դեսպանը նշել է, որ 1895 թ. դեկտեմբերի 29-ին Ուրֆայի հայկական եկեղեցում մի քանի ժամվա ընթացքում շուրջ 3000 հայերի կազմակերպված սարսափելի սպանդը և դրան հաջորդող օսմանյան իշխանությունների ժխտողական կեցվածքը կրկնվել է հաջորդող թուրքական իշխանությունների, ինչպես նաև՝ մեր օրերում Բաքվի իշխանությունների կողմից:

Այնուհետև դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային ատյաններում, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տարվող աշխատանքները, որոնց արդյունքում 2008, 2013, 2015, 2018 և 2022 թթ-երին ընդունվեցին Ցեղասպանության կանխարգելման բանաձևեր, իսկ 2015 թ-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ընդունված բանաձևով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության միջազգային օր:

Միջոցառմանն, ի թիվս այլոց, մասնակցել են նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս պրն. Մարտիրոս Մինասյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ պրն. Վարդգես Մահտեսյանը, Սլովակիայի դեսպանն, ինչպես նաև այլ դեսպանությունների ներկայացուցիչներ, Ստրովոլոսի փոխքաղաքապետ պրն. Յորղոս Խրիսանթուն, Կիպրոսում հայկական արքեպիսկոպոսության, ինչպես նաև հայկական կազմակերպությունների, դպրոցների և կառույցների ներկայացուցիչներ, Պաֆոսի հայկական համայնքի նախագահը, հայկական և պոնտական միությունների անդամներ, բարեկամներ և ներկայացուցիչներ։

Միջոցառմանը տեղ է գտել հարուստ մշակութային ծրագիր՝ ավանդական պարերով ու երգերով: Ներկայացումներով հանդես են եկել «Նանօր» պարախումբը,  «Կարս» խումբը, Կիպրոսի հայկական երգչախումբն, ինչպես նաև՝ երգիչ Կոնստանդինոս Ղեորղիուն։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]