1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երկխոսություն արվեստի լեզվով». Կոմիտասի թանգարանում տեղի կունենա հայ- ռուսական բարեկամական երեկո

«Երկխոսություն արվեստի լեզվով». Կոմիտասի թանգարանում տեղի կունենա հայ-
ռուսական բարեկամական երեկո

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Պ.Մ. Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ 2022թ. մայիսի 20-ին Կոմիտասի թանգարան ինստիտուտում կազմակերպում են բարեկամական երեկո, որի ընթացքում տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան. երկխոսություն արվեստի լեզվով» խորագիրը կրող համարի երևանյան շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը:

Նա հայտնեց, որ  այս առիթով Երևան է ժամանել ռուսաստանյան  պատվիրակությունը՝  Պ.Մ.Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի պրեզիդենտ և «Русское искусство» հանդեսի գլխավոր խմբագիր Ելենա Բեխտիևայի գլխավորությամբ:

Երեկոյին ներկա կլինեն ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների երևանյան կարևոր օջախների՝  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Ռուսական արվեստի թանգարանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենները:

«Հայ-ռուսական գեղարվեստական կապերին նվիրված երեկոն իր փառահեղ ելույթով կեզրափակի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ ՀՀ ազգային հերոս, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Նկատենք, որ իր համերգային տևական ու բեղմնավոր գործունեության ընթացքում Հովհաննես Չեքիջյանը հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, իսկ Մոսկվայում և Լենինգրադում (ի դեպ՝ լենինգրադյան համերգները 97-ն են) իրականացրել խոշոր կտավի վոկալ-սիմֆոնիկ 15 ստեղծագործությունների համամիութենական պրեմիերաները. այդ ստեղծագործությունները ՍՍՀՄ-ում կատարվել են առաջին անգամ հենց Մաեստրոյի և Կապելլայի նախաձեռնությամբ ու ջանքերով»,-ասաց Ասատրյանը:

Արվեստի ինստիտուտի փոխտնօրենը նշեց, որ ռուսաստանյան պատվիրակության այցի շրջանակներում, համագործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Պ.Մ.Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և «Русское искусство» հանդեսի միջև:

«Հետայսու՝ «Русское искусство» հանդեսի էջերում ոչ միայն կտպագրեն հայ-ռուսական գեղարվեստական առնչություններին վերաբերող արվեստաբանական արժեքավոր հոդվածներ, այլև հանդեսը կարևոր ռուսալեզու հարթակ կդառնա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի արվեստաբանների՝ հայ կերպարվեստի ուսումնասիրության արդյունքների հրատարակման, ասել է թե՝ հայ արվեստի հանրահռչակման համար»,-հավելեց նա:

«Ռուսաստան-Հայաստան. Երկխոսություն արվեստի լեզվով» համարը, որը ծնվել է Մոսկվայում գործող Պ.Մ.Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ վերջինիս ու ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համագործակցության արդյունքում, ըստ Աննա Ասատրյանի, աննախադեպ երևույթ է հայ ակադեմիական արվեստագիտության ասպարեզում և կարևոր քայլ՝ հայ արվեստագիտության արդյունքների միջազգայնացման ուղղությամբ:

«ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի մասնագետները ռուսալեզու ընթերցողին նման ձևաչափով առաջին անգամ ներկայացրեցին հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմության համառոտ ակնարկը: Համարի մոսկովյան շնորհանդեսը տեղի ունեցավ 2021թ. նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան դահլիճում կայացած «Մշակույթների երկխոսություն. Ռուսաստան-Հայաստան» բարեկամական երեկոյի ընթացքում, որը կազմակերպել էին դեսպանատան Մշակութային կենտրոնն ու Պ.Մ.Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամը: Որոշվեց երևանյան շնորհանդեսն իրականացնել 2022թ. գարնանը Երևանում»,-եզրափակեց Ասատրյանը:

Լիանա Սարգսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]