1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն ուզում է ռազմավարական բնույթ հաղորդել Վրաստանի հետ հարաբերություններին. փորձագետ

Հայաստանն ուզում է ռազմավարական բնույթ հաղորդել Վրաստանի հետ 
հարաբերություններին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ եւ վրացի փորձագետներն ընդհանուր առմամբ բարձր են գնահատում Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերություններն ու հատկապես քաղաքական երկխոսությունը երկու հարևան երկրների միջև նորանկախ շրջանում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի նախօրեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը շեշտեց հայ-վրացական հարաբերությունները խորացնելու եւ դրանք ռազմավարական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

«Մենք պետք է էլ ավելի մեծ ջանքեր գործադրենք մեր երկու պետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների զարգացման համար: Քրիստոնյա երկու ժողովուրդները պետք է իրար թիկունք լինեն եւ աջակցեն միմյանց այս մեծ ու բարդ տարածաշրջանում: Նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև՝ ավելի լայն տարածաշրջանը», - ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը փաստեց, որ միջպետական հարաբերությունների այս նոր շրջափուլում քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Վրաստանի միջև միշտ էլ ակտիվ ու դինամիկ է եղել, իսկ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հայ-վրացական փոխայցերի աննախադեպ ակտիվություն է նկատվում: Մասնավորապես, Հայաստան եկավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը, Վրաստան այցելեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնական այցով Հայաստան եկավ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին, Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի արդարադատության նախարարների հերթական համաժողովը:

«Այս ամենը ցույց է տալիս, որ մենք մի կողմից ընկերություն ենք անում, մյուս կողմից ուսումնասիրում ենք միմյանց փորձը, մասնավորապես, Վրաստանում իրականացված բարեփոխումները: Քաղաքական երկխոսությունը Երևանի եւ Թբիլիսիի միջև բարձր մակարդակի վրա է, փոխհարաբերությունները բարիդրացիական են, ինչպես նշվում է հայեցակարգային փաստաթղթերում: Բայց շատ կարևոր է ընդգծել, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Դրանով Երևանը ակնարկում է Թբիլիսիի գործընկերներին, որ Հայաստանն ուզում է այդ հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդել: Իհարկե, մենք իրապաշտ ենք եւ հասկանում ենք, որ ցանկացած տեսակի ռազմավարական հարաբերությունների հիմքում պետք է լինեն ռազմավարական նախագծեր», - հավելեց «Օրբելի» կենտրոնի ավագ փորձագետը:

Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքագետ Վասիլի Պապավան իր խոսքում նշեց, որ թեև շուտով նշվելու է Հայաստանի եւ Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, իրականում հայ եւ վրաց ժողովուրդների փոխհարաբերությունները 30 դարի, այսինքն՝ շուրջ երեք հազար տարվա պատմություն ունեն, ինչը շատ լուրջ հիմք է միջպետական հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու համար: Վրացի փորձագետը դրական է գնահատում հատկապես քաղաքական բարձր մակարդակի երկխոսության եւ առևտրատնտեսական, տրանսպորտային ոլորտներում փոխգործակցության ակտիվացման միտումները:

«Բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը ցայտուն ցուցանիշն են երկու պետությունների ղեկավարությունների միջև վստահության, տարբեր ոլորտներում ավելի սերտ հարաբերությունների հաստատման եւ նոր նախագծերի իրագործման պատրաստակամության», - մեկնաբանեց Վասիլի Պապավան:

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:

Արամ Սարգսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]