1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Աղաբաբյանն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2022

«Երևանյան բեսթսելեր». Աղաբաբյանն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Արփի Վանյանի «Կինը» առաջին հորիզոնականում է։ Այն պարզապես մի կնոջ պատմություն չէ։ Հազարավոր կանանց հավաքական կերպարն է ներկայացնում գլխավոր հերոսուհին՝ Իվը, ով ապրում էր չսիրված, չհասկացված, միապաղաղ կյանքով, որովհետև տարիներ առաջ մոռացել էր իր երազանքի և առաքելության մասին։ Սակայն մի օր ամեն բան միանգամից փոխվում է։ Կյանքը նրան առնում է իր հորձանուտների մեջ և սկսում պատեպատ զարկել։ 

Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը երկրորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք.․․ Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքը երրորդ տեղում է։ «Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի:

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» չորրորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Հինգերորդ տեղում է Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ»-ը։ «Կապույտ աղջկանից» մինչև անհաս սիրո խորհրդանիշ Նավզիկե, առաջին լուսե սիրուց մինչև «Փողոցային պչրուհի»... Բուռն կյանքով ապրած Չարենցի պոեզիան լի է բազմաթիվ սերերով, որոնք հերթագայել են՝ տեքստերում արտացոլելով բանաստեղծի սրտի փոթորկումները։ Թեև Չարենցի ստեղծագործությունների տասնյակ ժողովածուներ կան, բայց նրա սիրային գործերի ընտրանին հրատարակվում է առաջին անգամ: Գրքում երկերը դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ: «Լուսամփոփի պես աղջիկ»-ը ներկայացնում է Չարենցի չափածոյի ժանրային և ոճային ամբողջ բազմազանությունը։ Մեծ պոետի անձնական ապրումների այս հատորյակը կարող է սիրո խոստովանության հրաշալի միջոց լինել յուրաքանչյուրի համար:

Վեցերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Յոթերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ  ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» ութերորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Իններորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Տասներորդ տեղում է ժամանակակից գրող Անի Միրզոյանի «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ» գիրքը։ Գրքի հերոսներ Տաթևի և Պատրիկի հանդիպումը ճակատագրական էր։ Տաթևի կյանքի հունը փոխվեց, բայց չփոխեց նրան։ Տաթևին հնարավոր չէր փոխել, նրա տեսակը խորն էր, հասուն, լուռ պայքարող, պայքարող ինքն իր հետ և ոչ երբեք ուրիշի, ում թվում է՝ պիտի ատեր: Պատրիկի կյանքում ամեն ինչ նույնը մնաց, մինչև, որ իր կյանք անկոչ հյուրի պես ներխուժեց նա՝ Արամ անունով մի տղա՝ հարազատ մեկը, ով որոշել էր օտար ձևանալ։ Արամին Փարիզում սերը նույնպես խայթեց, բայց իր խայթոցով ապրեցրեց, խլեց հանգստությունը, բայց տվեց իմաստ մի պայքարի, որ երջանկություն է կոչվում։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Արփի Վանյան

«Կինը»

հեղ․հրատ 42
2 +2

Գոհար Նավասարդյան

«‎Սիրելուց հետո»

հեղ․հրատ 42
3 +5

Խաչիկ Դաշտենց

«Ռանչպարների կանչը»

Էդիթ Պրինտ 31
4 *

Աշոտ Աղաբաբյան

«Գաղտնիքների տիրակալը»

Բուկինիստ 29
5 -4

Եղիշե Չարենց

«Լուսամփոփի պես աղջիկ»

Վերնատուն 28
6 0

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես»

հեղ․հրատ 25
7 +2

Գոհար Նավասարդյան

«Հուշացած ակնթարթներ»

հեղ․հրատ 23
8 *

Աշոտ Աղաբաբյան

«Մենակը»

Բուկինիստ 20
9 -4

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

Բուկինիստ 19
10 նոր

Անի Միրզոյան

«Երևան-Փարիզը միայն չվերթ չէ»

Անտարես 18

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]