ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հասարակական ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ կոչ է արել չտրվել սադրանքների և Երևանում հասարակական ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։
Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ուստի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները։ Հերթական անգամ կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում