Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց ցուցահանդեսի բացմամբ

Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը 
տրվեց  ցուցահանդեսի բացմամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանային մասնաշենքում «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացմամբ ազդարարվեց Խորանաշատի 800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումների ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին:

«Մեր քաղաքականությունն է, որ որևէ միջոցառում չլինի զուտ որպես միջոցառում, այլ ունենա հանրությանն ուղղված հստակ ուղերձներ: Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն  Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակի կարևոր առիթը օգտագործելու և մեր խոնարհումը բերելու այդ հսկայական կառույցի նշանակության, մշակութային, հոգևոր, աստվածաբանական և կրթական նշանակության առջև, այլև հանրությանը այդ ամենի մասին հիշեցնելու համար: Եվ պատահական չէ, որ մենք կազմակերպիչների հետ ի սկզբանե նպատակ ենք դրել, որ այդ միջոցառումները պետք է լինեն շատ բարձր մակարդակով կազմակերպված, դրանք չպետք է լինեն համայնքային պարփակված միջոցառումներ, այլ պետք է հարիր լինեն ամենախոշոր քաղաքում նշանավորվող միջոցառումների մակարդակին ու որակին»,-ասաց Խզմալյանը:

Նա հավելեց, որ մեկնարկը կտրվի մայիսի 28-ին, Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի համերգը: Մայիսի 29-ին տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին այս կարևոր միջոցառումների շղթային աջակցելու համար:

«Շուրջ 5 տարի առաջ էր, որ Խորանաշատում, կարելի է ասել առաջին անգամ հարյուրամյակների ընդհատումից հետո, Եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել, և դա մեզ համար նոր լիցք էր, նոր հրավեր էր, որպեսզի մենք կարողանանք Խորանաշատի դերը, նշանակությունը և կարևորությունը փոխանցել մեր ժողովրդին: Խորանաշատը սահմանապահ վանք է, ժամանակին այն գտնվում էր Հայաստանի սրտում, բայց պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք՝ գտնվելով թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա: Մեզ համար կարևոր է նաև  հենց մայիսի 28-ը, որովհետև այդ օրը այլ տեղ մենք մեզ չէինք պատկերացնում, քան մեր պետության սահմանագլխին»,-ասաց  Տավուշի թեմի առաջնորդը:

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ընդգծեց մի կարևոր փաստ, որ Մատենադարանում պահվող որոշ ձեռագրեր տարին մեկ անգամ շատ բացառիկ առիթով դուրս են բերվում և տարվում են այս կամ այն եկեղեցի, որը որևէ կերպ կապված է այդ ձեռագրի հետ:

«Մենք այս հարցում մի փոքր պահպանողական ենք, որ ձեռագիրը, ինչպես իր ծնողներին լսող երեխան, անպայման գիշերը գալիս է տուն, բայց Խորանաշատի 800-ամյակի առթիվ մեր ոգևորությունը այնքան մեծ է, որ մենք Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ բացառություն ենք անելու և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ը մեկ օր «գիշերելու» է վանքում»,-եզրափակեց նա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]